Միացյալ Նահանգների պետքարտուղարն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելով հայ — ադրբեջանական գործընթացում «վերջին դրական իմպուլսը» և այդ երկրում մնացող հայ գերիների ազատ արձակման հարցը:

«Այսօր զրուցեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում վերջին դրական իմպուլսին», — գրել է Էնթոնի Բլինքենը Թվիթերում:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը քննարկել են «վերջին դրական առաջընթացը և հետագա կոնկրետ քայլերը Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին, այդ թվում՝ սահմանազատումը և սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցությունների ուղիների բացումը և մնացյալ հայ պահվող անձանց ազատ արձակումը»:

Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները «պատրաստակամ է օգնելու՝ ներգրավվելով երկկողմանիորեն և համախոհ գործըկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր դերի միջոցով, օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»:

Պետքարտուղարը նաև կարևորել է «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի աճը» և «գնահատել է կարևոր դերը, որ Ադրբեջանը շարունակում է խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest