ՍԴ-ի որոշումը հարցեր է առաջացնում. քանի որ չկա որոշակիություն, կարող է բերել ընտրողական վերաբերմունքի

44

Ապրիլի 29-ին Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց տեղական և միջազգային փորձագետների կողմից խիստ քննադատության արժանացած Ծանր վիրավորանքի մասին հոդվածը։ Հոդվածի սահմանադրականությունը վիճարկել էր նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, բայց դատարանում արդեն գործող պաշտպան Քրիստինե Գրիգորյանի աշխատակազմն է հիմնավորել վիճահարույց հոդվածի հակասահմանադրականությունը։

«Այս արարքը քրեականացվել է ամբողջ հանրությանը պաշտպանելու համար։ Արարքը քրեականացվել է, որպեսզի ամբողջ հանրությունը պաշտպանված լինի հայհոյանքից, ատելության խոսքից, որի հանցածին նշանակությունը ոչ ոք չի կարող վիճարկել»,- օրերս Ազգային ժողովի իր ելույթում ասել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Մոտ մեկ տարի առաջ նախորդ գումարման Ազգային ժողովը քրեականացրեց անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը, սահմանվեց պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև 3 ամիս ժամկետով: Նախագիծն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով։

Ծանր վիրավորանքի հոդվածով անցած 9 ամսում 802 քրեական գործ է հարուցվել, որից դատարան է ուղարկվել 48 գործ։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերևույթ ծանր վիրավորանքը հասցրել լրագրողը, 38-ի դեպքում՝ քաղաքական գործիչները, 762-ի դեպքում՝ այլոք: Դատախազությունն այս վիճակագրությունը ներկայացնելով հավաստիացնում է, թե օրենքն ու հարուցված քրեական գործերը մամուլի ազատության կամ քաղաքական գործիչների դեմ չեն։

Մինչ այդ չի դադարում տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը։ Նրանք կոչ են անում օր առաջ չեղարկել օրենքը։ Փորձագետները կարծում են, որ ծանր վիրավորանքի քրեականացումը վնաս է հասցնում խոսքի և կարծիքի ազատությանը։

Եվրոպայի խորհրդարանը հայտարարել է, որ իր քաղաքականությունն է դեպի ապաքրեականացումն՝ ամբողջովին, կարելի է ասել՝ ԵԽ-ում դա հաստատված նորմ։ Միևնույն ժամանակ, նշվելով որպես քրեական գործ, կիրառվում է՝ ըստ անհրաժեշտության ու համաչափության․ազատ խոսքը չի տուժում դրանից, այսինքն ինքնին չի հակասում կոնվենցիային։

ԵԽԽՎ-ն դեռ 2007 թվականին ընդունել է «Դեպի ամբողջական ապաքրեականացում» բանաձևը։ Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի կարծիքով, այսօրվա դրությամբ նշաձողն այն աստիճանի բարձրացված չէ, որ Հայաստանում օրենքի քրեականացումը հակասի կոնվենցիային։ Խորհուրդ է տրվում չքրեականացնել, իսկ քրեականացման դեպքում՝ զգուշորեն կիրառել, որ մարդիկ չկաշկանդվեն իշխանություններին քննադատելիս։

Ըստ փորձագետի՝ վիճակագրությունն այլ բան է ցույց տալիս։ Հարուցված գործերից 90%-ն այս պահին բարձրաստիճան պաշտոնատար անձանց քննադատության համար է, այն էլ, որոշ դեպքերում, նույնիսկ հայհոյանք չէ, սուր քննադատություն է։ Այս պրակտիկան հակասում է ՍԴ-ի դիրքորոշմանը, որովհետև դրա իրական նպատակն է լռեցնել սուր քննադատությունը գործադիր իշխանության նկատմամբ․

«Երկրների մոտ կեսն ունի նման օրենսդրություն, բայց հազվադեպ են կիրառում։ Մեր նման չեն վերցնում հարյուրավոր գործեր, որոնցից  90%-ը վարչապետի կամ բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց է վերաբերում։ Եթե տվյալների կոնտեքստում նայենք, պրակտիկան այսօր հակասահմանադրական է։ Նման նորմը կարող է պետք գալ, եթե քաղաքական որևէ ենթատեքստ չունի։ Եթե քաղաքական համատեքստում է, ապա ճիշտ կլինի դա չօգտագործել, որովհետև ինքն արդեն սառեցնող ազդեցություն է ունենում»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Ղազարյանը նաև հավելեց՝ եթե քրեականացմամբ ավելի ծանր պատիժ է սահմանվում հանրային ծառայողի կամ պաշտոնատար անձին վիրավորելու համար, քան սովորական քաղաքացուն, դա միանշանակ հակասահմանադրական է․

«Քրեական նորմերի նպատակն իրենց գոյությամբ արդեն զսպելն է, անպայման չէ, որ կիրառվի։ Նման նորմի զուտ գոյությունն արդեն քաղաքացուն կաշկանդում է, որպեսզի ինքը ազատ խոսի»,-հավելեց Ղազարյանը։

Գլխավոր դատախազի դիտարկմամբ՝ 802 քրեական գործերից 425-ը մասնավոր մեղադրանքի գործեր են, այսինքն կենցաղային հարաբերություններում առաջացած դեպքեր են եղել․հարևանը՝ հարևանին, ընտանիքի անդամը՝մյուսին, և մարդիկ իրենց պաշտպանելու համար հաղորդում են ներկայացրել։ Մյուս կեսը հանրային մեղադրանքի գործեր են, որտեղ թիրախներ են հանդիսացել գործող պաշտոնյաներ, նախկին պաշտոնյաներ և այլն:

«Հաճախ միջազգային գործընկերների հետ այս հարցի քննարկման ընթացքում, շեշտում եմ՝ նայեք մեր հրապարակային հանրային խոսքի որակը այսօր։ Ակնհայտորեն տարբերություն ունենք, և պետք էր, որ պետությունն իր ամենավերջին խիստ մեխանիզմը կիրառեր։ Վստահ եմ՝ որոշ ժամանակ անց բարոյական նորմալ վարքագիծը դառնալով հանրային վարքագիծ՝ այսպիսի արարքի քրեականացման կարիք այլևս չենք ունենա»,-իր ելույթում ասաց գլխավոր դատախազը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է՝ Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի մասով փոփոխությունները որոշակիության հետ խնդիր ունեն, քանի որ դժվար կլինի նման իրավական գործընթացներում որոշել, թե որն է ծանր վիրավորանքը․

«Օրենսդրական փոփոխություններն իրենց մեջ անհրաժեշտ ուղեցույց չեն պարունակում, և, այդ առումով, ՍԴ-ի որոշումը հարցեր է առաջացնում։ Հիմնական խնդիրն այն է, թե արդյո՞ք դատարանները նույնական վերաբերմունք կցուցաբերեն այդպիսի գործերի հետ առնչվելիս։ Քանի որ չկա որոշակիություն, կարող է բերել նաև ընտրողական վերաբերմունքի։ Դա առաջացնում է խնդիրներ խոսքի և արտահայտման ազատության առումով»,-մեզ հետ զրույցում ասաց Նավասարդյանը։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց՝ երբ անձը հայհոյում է, ապա խոսել քաղաքացիաիրավական հարաբերությունների մասին, մասնավորապես խոսքի ազատության մասին, իրավունքի թյուրըմբռման արդյունք է։

«Եթե դետալացնում ենք, տեսնում ենք, որ քրեականացնելը կարող է արդյունավետ լինել տուժողների պաշտպանության առումով զուտ այն դեպքերում, երբ մեկը մեկին հայհոյում է։ Այս պարագայում այդ դեպքը կենթարկվի քրեաիրավական վերլուծության: Ուստի այս առումով, կարծում եմ՝ ավելի արդյունավետ միջոց կարող է լինել քրեական պատասխանատվությունը, քան քաղաքացիական»,-ասում է Գյոզալյանը։