ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ, խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անվադողերով փակել են նշված ճանապարհը, այնուհետև հրկիզել դրանք:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ցուցարարներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և վերջիններիս արարքին ևս գնահատական տալու ուղղությամբ։

Քննչական կոմիտեից նաև տեղեկացնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված քայլերթի մի խումբ մասնակիցներ, հայհոյանքներ հնչեցնելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով, փորձել են ճեղքել հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կազմած «կենդանի պատը» և մուտք գործել Երևան քաղաքի Չարենց փողոցում գտնվող տներից մեկի դարպասներից ներս: Կատարվում է նախաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և վերջիններիս արարքին գնահատական տալու ուղղությամբ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest