ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ ս․թ․ մայիսի 5-ի ժամը 14։00-ից վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համակարգը դեռևս կարիք ունի ծրագրային թարմացումների, 2021թ-ից մինչ այժմ ձեռքով կատարված գործերի մակագրումների ամբողջական ներմուծման և Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ 16-Ն-6 որոշման պահանջներին լիարժեք համապատասխանեցման, հայտնում ենք, որ առաջիկայում համակարգում կշարունակվեն անհրաժեշտ աշխատանքները, ինչը հնարավոր է հանգեցնի որոշակի անճշտությունների, որոնք սեղմ ժամկետներում կվերականգնվեն»։

Հիշեցնենք՝ համակարգը չէր գործում արդեն 9 ամիս՝ 2021-ի հուլիսի 22-ից, երբ Ազգային անվտանգության ծառայությունն առգրավեց ավտոմատ մակագրման համակարգիչները։ Այս ընթացքում դատական գործերի մակագրումն իրականացվում էր ձեռքով, ինչը փաստաբանների, դատավորների և իրավապաշտպանների կարծիքով խախտում է արդար դատաքննության իրավունքը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest