Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ոչ կանոնադրային հարաբերությունները՝ զինված ուժերում. ու՞ր մնացին ԶՈՒ բարեփոխումները» թեմայով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասաց, որ անցած հինգ ամսում բանակում արդեն 17 մահ կա։ Ըստ նրա՝ համակարգը թափանցիկ չէ, գաղտնիության շեմը շատ բարձր է։ Պաշտոնական տվյալներն այլ բան են ասում, բայց իրականում է այլ են նույնիսկ մահացության թվերը։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն ասաց՝ գերությունից վերադարձած զինվորին, առանց հոգեբանական աջակցության կենտրոն տեղափոխելու, կանգնեցնում են սահման։ Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո չեղան բարեփոխումներ որևէ ոլորտում, և նույնիսկ կյանքի իրավունքը բանակում բացարձակ անտարբերության է մատնված․

«Բանակի ամբողջ բեռը դրված է ժամկետային զինծառայողների վրա։ Սպայական կազմի վրա չի տարածվում կարգապահությունը, որի համար պատասխանատու են հենց իրենք։ Պատերազմում զոհված, վիրավոր մասնակիցների ավելի քան 200 ընտանիքներ ենք այցելել, և հրամանատարական կազմն այդ պատերազմում աղոտ է երևում․ զինվորները մենակ էին ամեն դեպքում»,-ասաց իրավապաշտպանը։

Վերջինս մատնանշեց ժամկետային զինծառայող Բաբկեն Մկրտչյանի դեպքը, ով ծառայության 1 տարին անցկացրել է հիվանդանոցներում։ Նրան տեղափոխել էին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բժշկի հաղորդմամբ վիճակը կայուն ծանր էր։ Մկրտչյանը մեղադրվում է սիմուլյանտության  և դասալքության մեջ։ Հիմա նա Արմավիր ՔԿՀ-ում է։

Անդրադառնալով անհնազանդության ակցիաներին՝ Ժաննա Ալեքսանյանն ասաց՝ գնալով ավելի բուռն են դառնում բախումները ոստիկանների և ցուցարարների միջև։ Կան բռնություններ ոստիկանների կողմից, տուժում են նաև լրագրողներ և օպերատորներ․

«Որքան օրերն ավելանում են, այնքան տեսնում ենք, որ սովորական քաղաքացիներին չի հանդուրժում ընդդիմություն կոչվածը, և տպավորությունն այնպիսին է, որ մի կերպ են զսպում ագրեսիան, որ միշտ կար ընդդիմության մեջ։ Երեկ մենք տեսանք, թե ինչպես էին ագրեսիվ լիդերների հետևորդները դերասան Սոս Ջանիբեկյանի ուղղությամբ շշեր շպրտում։ Մի կերպ նրանց հետ բերեցին, ոստիկաններ չկային»,-ասաց Ալեքսանյանը։

Սաքունցը մտահոգություն հայտնեց, որ ոստիկանության խոսույթում, պահվածքում և այլն ոտնատակ է արվում իրավունք հասկացողությունը, և, որ քաղաքական բևեռացվածությունը Ազգային ժողովում խոսույթներով չեն խոսում իրավունքի մասին։ Հավաքի մասնակիցների կողմից բռնության դեպքերը պետք է կասեցվեն կազմակերպիչների կողմից, որովհետև նրանք օրենսդիր մարմնի պատգամավորներ են․

«Տեսնում ենք, որ շատ դեպքերում ոստիկանությունն անգործություն է ցուցաբերում։ Օրինակ Արմեն Մարտիրոսյանի կամ Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն էին կիրառում, այդ դեպքում քաղաքական հրահանգ է եղել, որ որևէ բան չանե՞ն։ Ես կարծում եմ՝ այդպես էլ չձևավորվեց իրավապահ այնպիսի համակարգ, որը կարողանա իրեն դրսևորել․ խաղաղ ցույցի ժամանակ խախտումներ կատարող քաղաքացիներին առանձնացնել ցույցից, կազմակերպիչների հետ աշխատել։ Համագործակցություն պետք է միշտ լինի։ Պետք է զերծ մնալ սադրանքներին սադրանքներով պատասխանելու գործելաոճից»,-ասաց իրավապաշտպանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest