«Աղվան Հովսեփյանը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել, քաղաքական ելույթ չի ունեցել, ես մշտապես զբաղվել եմ հասարակական գործունեությամբ և մշտապես դրանող զբաղվելու եմ։ Կային մարդիկ, որոնք ուղղակի տենչում էին տեսնել Հովսեփյանին կալանքի տակ, և դրան էր ուղղված իրենց 3 տարվա գործունեությունը, փառք Աստծո՝ սրտները հովացավ»,– դատական նիստի ժամանակ նշեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։  

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում է Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը:
 
Դատական նիստի ընթացքում մեղադրող նախագահը նշեց, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը հիմնավոր է և բխում է քրեական գործում առկա փաստական տվյալներին։

«Գտնում եմ, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը հիմնավոր է, բխում է քրեական գործում առկա փաստական տվյալներից»։

Դատախազը նաև անդրադարձավ «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանին, որը նույնպես անցնում է քրեական գործով․ «Առերեսման ժամանան Աղվան Հովսեփյանը հայտնել է Վրեժ Մարկոսյանի տված ցուցմունքին նույնաբովանդակ տեղեկություններ։ 2021 թվականի սեպտեմբերին Վրեժ Մարկոսյանը հաստատել է իր վրա անօրինական ազդեցություն գործադրելու և դրա արդյունքում ցուցմունք փոխելու հանգամանքը: Նա նշել է, որ իրեն փաստաբանն է ուղղորդել, և որ ինքը կարծում է, որ փաստաբանին էլ Աղվան Հովսեփյանն է ասել: Տեսանելի են, որ Աղվան Հովսեփյանի կողմից քննությանը խոչընդոտելու վտանգի առկայության մասին հետևությունները ոչ թե միայն կրում են կանխատեսական բնույթ, այլ հիմնված են առկա փաստական տվյալների վրա»:

«Երեք տարվա ընթացքում ինձ տարբեր գործերով հարցաքննել են, ժամերով, երեք տարվա ընթացքում իմ նկատմամբ իրականացվել է հետապնդում, ապօրինի կալանքներ են դրվել իմ և հարազատներիս պատկանող գույքի  նկատմամբ։ Ես, 8 ամիս  կալանքի տակ լինելով, ոչ մի բառ չեմ ասել, լուռ եմ եղել, որովհետև ես առաջին իսկ օրից հասկացել եմ, որ ասողին լսող ա պետք։ Ո՞ւմ ասեի, երբ ոչ մեկ չէր ուզում լսեր։ Իմ հանդեպ նախազգուշացումները տեղի էին ունենում ընտրություններից առաջ էլ, բայց ավելացան հատկապես հետո, որովհետև մասնակցեցի ընտրություններին»,– ասաց նախկին գլխավոր դատախազը։

Դատական նիստի ընթացքում Աղվան Հովսեփյանը նաև անդրադարձավ Սասունի Միքայելյանին՝ նշելով, որ վերջինս լարվել է իր դեմ, քանի որ աշխատանքի չի ընդունել։

«Իմ օրոք աշխատել է մինչև Երևան քաղաքի դատախազի պաշտոնում, խրախուսել եմ իրեն, պաշտոնի եմ նշանակել, բայց երբ իրեն ազատեցին դատախազությունից, եկավ ինձ մոտ, հանձնեց քննություն, որ ընունվի քննչական կոմիտե, բայց ես նրան չընդունեցի, որովհետև դատախազ աշխատած ժամանակ՝ միջնորդագրեր էր ուղարկում քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար,  և այդ միջնորդակգրերի 90 տոկոսը մերժվում էր որպես անհիման»։

Ինչ վերաբերում է իր դեմ առաջադրված մեղադրանքին՝ Աղվան Հովսեփյանը նշեց, որ 190 հոդվածն այնքան ակնառու ապօրինություն է, որ հենց այս պահին պիտի հրաժարվեն դրանից։

Հիշեցնենք, որ «Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է:

Քրեական գործի շահերից ելնելով` առավել մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհրապարակվի նախաքննության ընթացքում»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest