Հայրն ու որդին երբեք չեն հանդիպի

198

Մարգարյանների տան հյուրասենյակում գեղեցիկ լուսանկար է` ամուսինը, կինը եւ նրանց նորածին որդին: Առաջին հայացքից սա սովորական ընտանեկան լուսանկար է, սակայն այն ֆոտոմոնտաժ է: Հայրն ու որդին երբեք չեն հանդիպել: Նորակոչիկ Գեւորգը զոհվել է 44-օրյա պատերազմին` Հադրութուն որդու ծնունդից երկու ամիս առաջ:

Զոհված զինծառայղի հարազատներն ասում են` ցանկանում են, որ հորը կորցրած փոքրիկը մեծանա ընտանեկան գեղեցիկ լուսանկարների եւ հուշերի մեջ եւ սիրո ու ջերմության պակաս չզգա:

Գեւորգը Արարատի մարզի Նորամարգ գյուղից էր: Նա ընտանիքի սպասված որդին էր, ծնվել էր տատիկ պապիկի ամուսնության 37-րդ տարվա օրը, ինչի համար նրա մասին ասում էին` նվեր է:

Բանակ մեկնելուն քիչ ժամանակ էր մնացել, երբ իր ծննդյան օրը որոշել էր սիրելի աղջկան իրենց տուն բերել ու համատեղ կյանք սկսել: «Ասեցի` Գեւ ջան, ախր դու բանակ ես գնալու, ես դեռ մտածում եմ, թե ես ոնց պետք է դիմանամ այդ երկու տարին, ասեց` մամ ջան, գիտեմ, որ լավ կպահես, դրա համար բերում եմ: Շատ էր շտապում բանակ գնալ: Մանավանդ ամուսնանալուց հետո: Ավելի լարված էր ասում` գնամ ծառայեմ ու գամ»,- պատմում է մայրը` Լուսինե Մարգարյանը:

Նրա խոսքով, պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ Գեւորգի համար ծանրոց էին պատրաստել, հավաքել էին որոշ իրեր` նրան ուղարկելու համար, սակայն սեպտեմբերի 26-ին նրանից զանգ էին ստացել.

«Ուշ ժամին զանգեց, ասեց` մամ, իրերս դեռ չուղարկես: Հարցրի, ինչու Գեւ ջան, ասեց` չգիտեմ, ասում են, թե դիպուկահարներ են շատացել սահմանին, մեր մեծերին տարան, մեզ տագնապ ա տրված, կարող ա առավոտը մեզ էլ տան… մինչեւ վերջ մտածում էի, որ նորակոչիկներին առաջին գիծ չեն տանի… առավոտյան զանգեցի, ձայնե րէին գալիս, հարցրի` Գեւ, էս ինչ ձեներ են, ասեց` տանում են սահման»:

Հայտնի է, որ հոկտեմբերի 18-ին Գեւորգը պարանոցի շրջանում վիրավորում է ստացել, սակայն տեղում վիրակապվել է ու հրաժարվել է թողնել դիրքը:  Նա զոհվել է ինը օր անց` հոկտեմբերի 27-ին:

«Տղաների մնացած վերջին խումբն է եղել Հադրութում:Նրանք երրորդ գծում էին, բայց այնքան հետնահանջ էր եղել, որ հայտնվել էին առանագծում: Դիվերսանտները իմացել են նրանց տեղը, տեղն արել են»,- պատմում է Լուսինե Մարգարյանը:

Զոհված զինվորի մայրն ասում է` իր ցավը կրկնապատիկ է. «Եւ Թագուհին /Գեւորգի կինը- հեղ./ է մեղքս գալիս, մի քանի օր առաջ է նրա քսան տարեկանը լրացել, եւ Տիգրանս էլ /Գեւորգի որդին-հեղ./ … պապա-պապա է ասում: Նա կմեծանա, կտեսնի, որ ուրիշները պապա ունեն, իսկ ինքը չի ունենալու… Դա էլ մի ուրիշ ձեւի ցավ է»:

Ապօրինի են համարվել դատախազության որոշումները՝ ցմահների պահման ռեժիմը կրկնակի անգամ կասեցնելու վերաբերյալ:

Անի Գևորգյան