«Ակնհայտորեն թավշյա հեղափոխությունից հետո լրագրողական դաշտը մենք կարող ենք երկու մասի բաժանել․ երբ իրականում տարբեր ինստիտուցիոնալ խնդիրների առկայության հետ մեկտեղ մենք ունեինք ազատ դաշտ  և կարելի է ասել, որ լրագրողների, լրատվամիջողների գործունեության համար ֆորմալ խոչընդոտներ չկային, և  երկորրդ կեսը, երբ, ցավոք, այլ ուղղությամբ են ընթանում զարգացումները»,–  այսօր «Լրագրողների հանդեպ բռնություններ. այսօր Մամուլի ազատության օրն է» թեմայով քննարկման ընթացքում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և հավելեց, որ տեղի էին ունենում  բազմաթիվ գործողություններ, որոնց նաև անդրադարձ կա միջազգային կազմակերպությունների զեկույցներում՝ համարելով այն որպես հետընթաց։

Բորիս Նավասարդյանի պնդմամբ՝ խոսքը և՛ օրենսդրական մակարդակով տեղի ունեցած սահմանափակումների մասին է, և՛ խորհրդարանում լրագրողների աշխատանքի սահմանափակումների․ «կան բավականին վտանգավոր և մտահոգող զարգացումներ»։

Անդրադառնալով վերջին երկու օրվա իրադարձություններին՝ բանախոսը նշեց, որ խնդիրը հիմանկանում ազատ գործելու սահմանափակումների մեջ չի տեսնում, քանի որ ընդհանուր առմամբ բոլոր հնարավորությունները կան, որ իրադարձությունները լուսաբանվեն։ Նրա կարծիքով՝ խնդիրը ուժային կառույցների գործողությունների մեջ է։  

«Այստեղ մենք տեսնում ենք ոչ պրոֆեսիոնալ և իշխանության կողմից ուղղորդված գործողություններ։ Ես համարյա չեմ կասկածում, որ ուժայինները հրահանգ են ստացել լինել կոշտ։ Սա համաձայնեցված է ամենաբարձր մակարդակով»։

Մամուլի ակումբի նախագահի խոսքով՝ լայնորեն գովազդված ոստիկանական բարեփոխումները իրականում  պրակտիկորեն ոչ մի արդյունք չեն տվել։

«Մենք չենք տեսնում գործողություններ, որոնք կարող են համադրվել այն բազմաթիվ ձեռնարկների հետ, որոնք մշակվել են երկար տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունների հետ։ Այսինքն, այն, ինչ իրենք անում են,  հակառակ գործողություններ են այն միջազգային ստանդարտներին, թե ինչպես պետք է ցույցերի ժամանակ վարվի ոստիկանը, և մասնավորապես ինչպես պետք է աշխատի լրագրողների հետ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest