«Վերջին երկու օրը շատ վատ վիճակում ա եղել տղես, բարձր ջերմություն ա ունեցել։ Երկրորդ օրը նոր տեղափոխել են հիվանդանոց։ Մոտ 15 օր մնացել ա Նորքի ինֆեկցիոնում, բուժումը ստանալուց հետո տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց»,– պատմում է ժամկետային զինծառայող Բաբկեն Մկրտչյանի մայրը՝ Չինարը, և հավելում, որ հիվանդանոցից տեղեկացել է, որ տղան աղիքային սուր ինֆեկցիա ունի, որը կարող է լինել և՛ սնունդից, և՛ ջրից։

Բաբկենը բանակ է զորակոչվել 2021 թվականի փետրվարին՝ առողջական խնդիրներով ։ Մորը թույլ չի տվել, որ իր առողջական խնդրի մասին բարձրաձայնի, ասել է՝ «տղա եմ, գնալու եմ ծառայեմ»։ Սակայն ծառայությունից երկու ամիս հետո առողջական խնդիրները գլուխ են բարձրացրել և նրան տեղափոխել են հիվանդանոց, ապա զինծառայողը պարբերաբար  անցկացրել է հոսպիտալներում ու տարբեր բուժհաստատաություններում ՝ ստամոքսի, տասներկումատնյա աղիքի էրոզիաներով։ Այսպիսով, մոր խոսքով՝ շուրջ մեկ տարվա ծառայությունն անցել է բուժհաստատություններում, բայց նորմալ բուժում չի ստացել։

 «Ես շատ կուզենայի շարունակեր ծառայությունը, եթե իրա հիվադության հետ համապատասխան լիներ։ Երեխեն էլ ա ուզում ծառայի, ինքը դատարանում էլ ա ասել, որ չի խուսափում ծառայությունից։ Ուղղակի կցանկանայի, որ ամբողջությամբ հետազոտեին, տեսնեինք իրա գիտակցություն կորցնելն ինչից ա, ինչի ա էս վիճակում»։

Բաբկենին կալանավորել են։ Մայրը կցկտուր տեղեկություններ ուներ որդու նկատմամբ հարուցված քրեական գործի, նրա կալանավորման մասին, բայց վստահ էր, որ այդ առողջական վիճակով նրան դժվար էր զինվորական ծառայություն անցնել:

 «Իրանք իրանցով որոշել են ամեն ինչը, ու, իբր, որդիս ձևացնում է, թե հիվանդ է: Սուտ է իր հիվանդությունը»,- ասում է մայրը՝ խոստովանելով նաև, որ որդին մի քանի անգամ առանց թույլտվության տուն է եկել, բայց երբեք չի խուսափել ծառայությունից

Ժամկետային զինծառայող Բաբկեն Մկրտչյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով ՝ 362․1 հոդվածով (Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) և 363․3 հոդվածով (հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը)։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest