ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ կառավարության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը լրջորեն վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում` Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադադատության միջազգային դատարանում:

Առաջնահերթ պաշտոնյաների քայլերն ու հայտարարություններն են՝ Կառավարության ղեկավարից սկսած, որ ուղեկցում են այդ քաղաքականությունը:Սա անպատասխանատու, մասնագիտական հիմքերից զուրկ և սեփական նեղ քաղաքական շահերի համար իրականացվող, Հայաստանն ու Արցախը լուրջ վտանգի տակ դնող, առանց երաշխիքների քաղաքականություն է:

Այն, իհարկե, առկա տեսքով ձեռնտու է ադրբեջանական և թուրքական իշխանություններին. նրանք, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը օգտագործում են արտաքին աշխարհին մոլորեցնելու համար՝ զուգահեռ շարունակելով խորքային հայատյացությունը և էթիկ ու կրոնական թշնամանքը՝ մեզ հետ խոսելով միայն ոչնչացնելու կամ ավերելու սպառնալիքով:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ` «ՔՊ» կուսակցության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության պատճառով թուլանում են մեր դիրքերը միջազգային ասպարեզում և տանում մեզ միջազգային պաշտպանությունից զրկելուն»,- գրել է Արման Թաթոյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest