2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է:

Մասնավորապես ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա, իսկ դատավարության մասնակից ճանաչելու վերաբերյալ ստացված պահանջի համաձայն՝ դրան կից ցուցակում նշված անձինք զոհվել են Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ քրեական վերոնշյալ գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին) զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ:

Բացի այդ, ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաև առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ(Պետական դավաճանության) հոդվածի 1-ին մասով, 308-րդ(Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասով և 309-րդ(Պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ(Միջնորդությունների և պահանջների` քննության առնելու պարտադիր լինելը) և 199-րդ(Միջնորդությունների քննարկումը և լուծումը) հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:

ՀՀ դատախազությունը բոլոր միջոցները գործադրելու է՝ մասնավորապես 2020թ. աղետալի պատերազմին առնչվող քրեական գործերով դատավարության բոլոր մասնակիցների, այդ թվում նաև տուժողների և տուժողների իրավահաջորդների դատավարական իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորելու նպատակով, ինչի շրջանակներում մշտապես բաց է արդյունավետ հաղորդակցության համար:

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից: Անթույլատրելի են իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը: Դրանք չեն բխում իրավական պետության սահմանադրական հիմունքներից և քրեական արդարադատության շահերից, տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ երեկ Շառլ Ազնավուրի հրապարակում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում: Վերջիններիս հաղորդումը գլխավոր դատախազը կցել էր այլ գործի։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest