Վարսիկ Հայրապետյանը ամուսնու և 4 անչափահաս երեխաների հետ բնակվում է Տերյան 23, բնակարան 9 հասցեով, Տերյանի հայտնի լահմաջոյանոցի քառահարկ շենքում: 

Փոքրիկ բնակարան է, հին, ներկի երես չտեսած պատերով, տանիքը փլված, անգազ, անլույս: Վարսիկի լույսը հարևանն է տալիս: Տանիքն ու խողովակները մի  կերպ փոխել-կարկատել, ապրում է, ամեն րոպե սպասելով, որ կգան ու դուրս կանեն իրեն ու երեխաներին այստեղից:

Շատ անտուն մարդկանց են դուրս արել: Վարսիկը դեռ դիմադրում է:

Բազմազավակ ընտանիքը հանգրվանել է այստեղ  2020 թվականի  մայիսին: Մինչ այդ ապրել են վարձով, մի քանի բնակարան են փոխել:

Երբ Վարսիկի ամուսինը գործ ուներ, տան վարձի գումար հայթհայթելը բարդ չէր: Բայց մի քանի տարի առաջ նա հիվանացավ: Ստամոքսի, շնչառական խնդիրներ ունի: Տան մուտքի կողքը փուչիկ է վաճառում: Բայց 6 հոգանոց ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը ընտանեկան նպաստն է 46 հազար դրամի չափով:

Բազմազավակ ընտանիքը՝ 4 անչափահաս տղաները մնացին դրսում:

Տերյան 23-ում ընտանիքը հայտնվեց հուսահատությունից: «Ճարահատյալ եկա մտա ստեղ: Մայրապետյանի տարածքն էր: Նա ուզում էր շենքը քանդել, որ հյուրանոց կառուցի: Զոռով հանում էին բնակիչներին, ու տալիս էին փոքր գումար, բայց հեղափոխություն եղավ, Մայրապետյանը փախավ, մարդիկ մնացին այստեղ», — հիշում է կինը:

Նա հին երևանցի է: Մայրական տունը Պուշկինի վրա է: Հիմա մոր մոտ եղբայրն է ապրում իր ընտանիքի հետ: Վարսիկը սեփական բնակարան չունի:

«Պուշկինի վրա ծնվել, մեծացել եմ: 2000-ականներին տեսել եմ, թե ինչպես են Տերյան, Լալայան, Բուզանդի փողոցներից մարդկանց հանում: Մեջս տպավորվել է, թե ոնց էին Լալայան փողոցի բնակիչներին հանում: Տրակտոր էին բերել, քանդելով գալիս էր: Բնակիչը էդ տան կանգնեց դիմացը, ասեց՝ առաջ չի գալու, բայց տրակրոտը առաջ եկավ: Էդ մարդը հենց այդտեղ վենաները կտրեց, տրակրորի հենց դիմաց: Հետո, կարծեմ, էդ մարդը մահացավ: Ու ես շատերին գիտեմ, որ էդ ապրումներից մահացան: Ու ինչ արեցին, սկզբում գումարները տալիս էին, բայց երբ սկսեցին Պուշկին- Լալայան անկյունի հին շենքերը քանդել, երկու հարկանի շենքեր կային՝ որոնք իրավունք չկար քանդելու, գումարները սկսեիցն մաս-մաս տալ: Մինչև մնացած գումարը տեղ էր հասնում, եղածը ծախսում էին վարձի վրա: Պետք է մնային, չէ, մի տեղ: Ու այդպես շատ և շատ ընտանիքներ մնացին փողոցում», — վերհիշում է Վարսիկ Հայրապետյանը Երևանի Կենտրոնի արյունալի էպոպեայի դրվագները:

Հիմա նույն դաժան տեսարանները, կարծես, կրկնվում են, բայց տուժողներն արդեն Վարսիկը, նրա ամուսինն ու երեխաներն են: Երկու անգամ, երբ ոստիկանները տուն են ներծուժել, Վարսիկի ամուսինը ի նշան բողոքի կախվել է բալկոնից, սպառնալով, որ իրեն ցած կնետի:

«Կախվել է բալկոնից, դրսի կողմից, որ դուռը չջարդեն», — ասում է Վարսիկը:

Նաև հիշում է անցյալ տարվա հոկտեմբերի տեսարաններից: «Ամուսնուս մայրը մահացել էր, գնացինք, որ երեխաները հրաժեշտ տան տատիկին: Վերադարձանք տուն թաղումից, տեսանք՝40 հոգի լցված: Ի՜նչ ասես, որ չեմ ասել դրանց: Մի կերպ հանեցինք», — պատմում էՎարսիկ Հայրապետյանը:

Օլիգարխ Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դեվելոպերս»  ընկերությունը, որը տիրացել է շենքին նախկինների օրոք,  2017 թվականին, փորձել է հանել ընտանիքին զբաղեցրած բնակտարածքից:

Վարսիկ Հայրապետյանը պնդում է, որ պահանջն ապօրինի է. «Մայրապետյանը հանրապետությունից փախած է: «Լոկալ դեվելոպմենտ» ընկերությանը տված լիազորագրի ժամկետն ավարտվել է հունվարի 24-ին: Այդ ընկերությունը իրավունք չունի մեզ այստեղից հանելու», — ասում է նա:

Չնայած դրան, ընտանիքն ամենևին նպատակ չունի հավերժ մնալ Տերյան 23-ում: «Ես պատրաստ եմ տեղափոխվել իմ երեխաների հետ ծայրամաս, եթե ինձ որևէ բնակելի տարածք հատկացնեն: Համ էլ Մայրապետյանն ինքն է պետությանը ահռելի գումար պարտք, թող վերցնեն, մարդկանց համար տուն առնեն դրանով», — ասում է Վարսիկը:

Նա դիմել է վարչապետին, քաղաքապետարան, Ազգային ժողով, բոլոր տեղերից բացասական պատասխաններ է ստացել՝ գումար չունենք ձեզ հատկացնելու:

Սոցապնախարարությունն է ընտանիքին 14 քմ բնակտարածք առաջարկել Թբիլիսյան խճուղու հանրակացարանային շենքում, բայց 6 հոգանոց ընտանիքը 14 քմ-ի վրա չէր տեղավորվի, և Վարսիկը մերժել է:

Մարդու իկրավունքների պաշտպան Արման Թաթոյանին էլ են դիմել: Վարսիկին պատասխանել են. «Երեխեքին կտանենք մանկատուն, որ դուրսը չմնան, դուք էլ ձեր գլխի ճարը տեսեք»:

Վարսիկի 4 տղաների կյանքը պայքար է՝ ոստիկանի, Մայրապետյանի մարդկանց, դատական կատարածոների, Մայրապետյանի պաշտպանների  հետ: Նրանք ամեն ինչ տեսել են՝ մութ, անճրագ ձմեռներ, թշնամաբար տրամադրված տղամարդկանց ու  բերետավորների հարձակումներ, որոնք խմբերով գալիս էին իրենց դռան մոտ, տուն էին մտնում, ուզում էին դուրս շպրտել իրենց փողոց:

«Տանը անընդհատ լարված վիճակ է՝ հեսա կգան, հեսա կգան: Ես  չեմ ուզում էս տունը, թող կառավարությունը ինձ բնակարան տա, կապրենք: Մի անգամ ոստիկանին ասում եմ՝ 4 զինվոր եմ մեծացնում, վաղը նրանք ո՞նց են  բանակ գնալու այս հոգեվիճակով: Ինձ ի՞նչ պատասխան տա, որ լավ լինի: Ասեց՝ իսկ մենք արդեն սահմաններ չունենք», — պատմում է  Վարսիկը:

Նրա ավագ որդին՝ Դավիթ Մովսեսյանը, որը 15 տարեկան է, ցույցերից տուն չի գալիս: Նա իսկական ընդդիմադիր  է մեծանում: Որտեղ ցույց կա, գնում, մասնակցում է:

«Հայտնի գործարար  և օլիգարխ, ներկայում կաշառքի գործով մեղադրյալ  Սամվել Մայրապետյանին 2019 թվականին իրավապահները թույլատրել են բուժման նպատակով երկրից  դուրս գալ։ Նրա համար անձնական երաշխավորություն էին տվել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ յուրաքանչյուրը վճարելով 15 մլն դրամ։

Վերջիններս ՀՔԾ-ում հարցաքննվել են ու հայտնել, որ չեն կարող ապահովել Մայրապետյանի ներկայանալը վարույթն իրականացնող մարմին»։

Սյուզան Սիմնոյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest