Երեկ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող Տոյոտա Պարդո մակնիշի մեքենան արագ սլանալով վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի կնոջը, որի հետևանքով տեղում մահացել են կինն ու նրա չծնված երեխան:

Ուշագրավ է, որ համացանցում արդեն հայտնվել են տարածքում առկա տեսախցիկների ֆիքսած կադրերը, որոնց համաձայն Նիկոլ Փաշինյանին սպասարկող անտարբեր անցնում է վրաերթի ենթարկված և օգնության կարիք ունեցող հղի կնոջ կողքով:

Տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, որ 28-ամյա կինը Պարոնյան փողոցում հետիոտնի համար նախատեսված անցումով փորձում է հասնել Լեո փողոցի սկզբնամաս, սակայն Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող մեքենան հարվածում է նրան:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նշում է՝ երեկ տեղի ունեցած վրաերթը  մտածելու և վերագնահատելու առիթ է տալիս, թե ինչ արժեքներով են հեղափոխական իշխանություններն առաջնորդվում։

«Ովքե՞ր են արտոնյալ, ու՞մ կյանքն է կարևոր, ու՞մ կյանքն ենք պահպանում, իսկ ումն՝ անտեսում։ Կարծես թե այս վերաբերմունքը պետք է փոխվեր մարդու կյանքի նկատմամբ այն ամենից հետո, ինչ կատարվեց 2018 թվականին, երբ հանրային մեծ ալիքը մերժեց բռնության մշակույթն ու կյանքի մշակույթում ապրելու ցանկություն հայտնեց, հռչակեց արտոնությունների մերժման ու մարդկանց միջև հավասարության մոտեցումը։ Բայց, ինչ ենք տեսնում մենք այսօր, կան կարևորներ և անկարևորներ, այն անձը, որին պահպանում է շարասյունը կարող է ավելի կարևոր լինել, քան նա, որին հարվածել է ուղեկցող մեքենան։ Ինչու՞ չի կանգնել շարասյունը, ինչու՞ օգնություն չի ցուցաբերել, հասցրել հիվանդանոց», — ասում է իրավապաշտպանը։

Նիկոլ Փաշինյանի թիմակից պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը պնդում է, թե վարչապետն անվտանգության աշխատակիցներին ենթակա մարդ է՝ չի կարող ինքնագլուխ մեքենա կանգնեցնելու հրաման տալ ու օգնել վրաերթի ենթարկված հղի կնոջը:

«Շարասյունը և ուղեկցող սպայական վաշտի ծառայողներին, ինչպես նաև ՊՊԾ ծառայողներին Նիկոլ Փաշինյանը չի հրահանգում և չի կառավարում նրանց ծառայության ընթացքում: Փաշինյանը ոչ ՃՈ պետն է, ոչ էլ ուղեկցող վաշտի պետն է, Հետևաբար Նիկոլ Փաշինյանը չի կարող այդ գործընթացներին մասնակցել, կառավարել և ինչ-որ կանոնակարգային հանձնարարություններ տալ, հատկապես այդ վիճակին»,- ասում է նա:

Դեպքից անցել է մեկ օր, սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանը, որը ֆեյսբուքյան իր էջով քաղաքացիների հետ ակտիվ կապի պրակտիկա էր ներդրել, ո՛չ էլ նրա աշխատակազմը վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ հղի կնոջ և նրա դեռ չծնված երեխայի ողբերգական մահվան կապակցությամբ որևէ ցավակցական խոսք չեն հայտնել:

«Սա ևս ցուցանիշն է այն բանի, որ անջրպետ է հասարակությունից, վախենում է խոսել, անկեղծանալ,պահպանել այն արժեքները,  որի համար ստանձնել է այդ պաշտոնը»,- ասում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

Իսկ ահա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ուշադրություն է հրավիրում այն խնդրի վրա, որ Ճանապարհային ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողները հաճախ են քաղաքացիների կյանքի համար վտանգավոր կանոններով վարում մեքենաները:

«Այդ գումարտակի ծառայողները շատ լկտի ձևով են քշում, վտանգում են մյուսները կյանքը, շատ ագրեսիվ են քշում և դա որևէ կերպ արդարացված չէ: Եթե ամբողջ գումարտակն այդպես է քշնում, բնականաբար մի տխուր բան լինելու էր: Երբեմն ՊՊԾ ծառայողները դրդում են, որ ՃՈ-ի այդ ստորաբաժանման ծառայողներն ավելի ագրեսիվ քշեն, իրենց մեքենաների դեմը դուրս եկած վարորդներին վախեցնեն»,-ասում է նա:

Ավելի ուշ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն արձագանքել է տեղի ունեցած վթարին, մասնավորաքպես հարցին, թե ինչու դեպքից հետո վարչապետի շարասյունը կանգ չի առել վրաերթի ենթարկված կնոջն օգնություն ցուցաբերելու համար:

Չախոյանը նաև հայտնել է, որ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել նրան եւ նրա ընտանիքի անդամներին, ցավ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ եւ երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest