Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդները հնարավորություն կունենան օգտվել մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման ծառայություններից: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողին  բանակից վերադառնալուց հետո առաջարկվելու է մոտենալ միասնական սոցիալական տարածքային գրասենյակ:

«Նպատակը գործազրկության կանխումն է, ինչպես նաև մարդկանց հնարավորություն տալ հասկանալու, թե  ինչ են ուզում իրենք»,-ասել է նա:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդների համար զբաղվածության ուղղությամբ արդյունավետ խորհրդատվության տրամադրման համար իրականացվում են Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնների զբաղվածության շուրջ 100 մասնագետի կարողությունների զարգացման դասընթացներ։

Ծրագիրը նպատակ ունի մասնագետներին ծանոթացնել այն գործիքակազմին, որը հնարավորություն կտա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդներին աջակցել կրթության և ուսուցման, զբաղվածության ապահովման, աշխատաշուկայում մրցունակ լինելու գործընթացում։ Գնահատելով նրանց կարիքները՝ կիրականացվեն համապատասխան աշխատանքներ   հասարակությունում նրանց վերաինտեգրելու և տնտեսապես ակտիվացնելու ուղղությամբ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest