Ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում:

Զինծառայողի հայրը որդու անհետացման լուրն ստանալուն պես մեկնել է Կապան, այսօր վերադառնում էր մեկ հստակ տեղեկությամբ` որդին Ադրբեջանում է: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

«Իմ էրեխեն իրենց ձեռն ա, ու չգիտեմ` ինչ եմ անելու: Կամիր խաչը ներկա է, մտել են, տեսել են` երեխան լավ է, առողջ է, ծեծված տեղեր չկան, բայց դա ինձ են ասում», — նշեց զինծառայողի հայրը` Արթուր Մարտիրոսովը:

Էդուարդը ընդամենը 3.5 ամսվա ծառայող է: 13 տարի սպորտով է զբաղվել: Միջադեպի վերաբերյալ հոր վարկածները շատ չեն. «Իրեն բռնել են ու տարել են, իրենց ռազվեդկեն բռնել, տարել է»:

Ինչու, ինչպես է զինծառայողը հայտնվել ադրբեջանական կողմում, պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել: Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ զինծառայողի հետ կապը կորել է շաբաթ օրվանից:

«Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», — ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ներքին Հանդում կրակոցների ձայներ են լսել

Շարքային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը հայ-ադրբեջանական սահմանը հատել է Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդ գյուղի մոտ տեղակայված մարտական հենակետից, տեղեկացրին այս գյուղի բնակիչները։

Շուրջ երկու ամիս առաջ էին Ներքին Հանդի բնակիչներն ահազանգել, որ ադրբեջանցիները մոտ մեկ կիլոմետր խորացել են դեպի գյուղի տարածք ու նոր վրաններ խփել, այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը պարզաբանեց, որ տեղանքն ադրբեջանական է դարձել դեռևս նախորդ տարվա գարնանը։ Այժմ ադրբեջանցիները ակտիվ շինարարության մեջ են, ճանապարհ են կառուցում, պատմում են բնակիչները` հավելելով, թե ճանապարհն արդեն երևում է:

Վերջին օրերին Ներքին Հանդում կրակոցների ձայներ են լսել, նաև գյուղի ուղղությամբ. «Երկու փամփուշտ անմիջապես մեր տան ու գյուղապետի տան կողքն էր, արդեն փոշի բարձրացրեց, որ եկավ, ընկավ: Կրակոցները կային, բայց էսօր շատ հանգիստ է, ուղղակի էդ երեխան, մոլորվել է, չգիտեմ», — պատմում է տեղացիներից մեկը:

Ժամկետային զինծառայողի սահմանն անցնելու հանգամանքների վերաբերյալ ոչինչ առայժմ հայտնի չէ։ Զինծառայողին դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական ջանքը գյուղում սովորական քաղաքականություն են համարում:

«Սուտ ա, տենց բան չկա, թուրքերն ասելու են էլի, բռնել են, տենց են ասելու», — հավելում են տեղացիները:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest