Երեք անչափահաս երեխաների հայր Վալդեմար Աբրամովը այն 30 կամավորներից մեկն է, ով 44-օրյա պատերազմի առաջին օրերին միացել է Արտաշատում ձեւավորվող կամավորական ջոկատին ու մեկնել է Արցախ: Թեեւ նա ու նրա հետ կամավորագրվածները 20 օր շարունակ մասնակցել էր մարտերի Քարվաճառում, ապա Կուբաթլույում, ՊՆ-ն մինչ օրս նրանց չի ճանաչում պատերազմի մասնակից:

Նշենք, որ կամավորները պատերազմի ժամանակ տարատեսակ վնասվածքներ են ստացել, ինչը ազդել է նաեւ նրանց աշխատունակության վրա: Ստացվում է, որ այժմ նրանք կանգնած են փակուղու առաջ։ Նրանց անվճար բուժօգնություն կարող է տրամադրվել հաշմանդամության կարգ ունենալու դեպքում, եթե հաշվառված են որպես մարտական գործողությունների մասնակից։ Բացի դա, միայն այս դեպքում է պատերազմի մասնակիցներին տրամադրվում նաեւ սոցիալական աջակցություն:

«20 օր Քելբաջարում ենք եղել, հետո իմ տան պայմանները շատ վատ էին, դոմիկս կաթում էր, ասեցի` ինձ պերեսմենկա արեք, գնամ խնդիրները լուծեմ: Ինձ ու մեր ջոկատից երեք հոգու էլ իջացրին: Եկել եմ,իջել եմ Ա8տաշատ,  երրորդ օրը մեր ջոկատն է եկել:Չորրորդ օրը մեզ հանեցին Կուբաթլու: Մինչ այդ հասցրի իմ տան հարցերը լուծել: Հետո էլ ամսի երեքն էր, մեր ընկերոջ` Արմենի թաղման օրն էր, մենք եկել ենք թաղումի »,- պատմում է ազգությամբ ասորի կամավորը: Նա ասում է, որ պատերազմից հետո երկու անգամ գումար է ստացել Կառավարությունից, որը հատկացվում է պատերազմի մասնակիցներին.«Ես այդ գումարները ստացել եմ երկու անգամ: Բայց ուզում եմ հասկանամ, թե ըստ իրենց, ինչի ՞  հիման վրա եմ ստացել: Հիմա որ գնում եմ վայենկոմատ, թուղթ եմ ուզում իմ մասնակցության մասին, սոցապն է ուզում, բայց գնում եմ, ասում են` չեք մասնակցել, ձեր ջոկատից 23 հոգի պատերազմին չի եղել, ասում են, ինչ թուղթ ձեզ տանք: Ասում են` զանգեք թեժ գիծ, հարցերը լուծեք: Բայց եթե ես պատերազմի չեմ գնացել, ի՞նչ հիմքի վրա եմ այդ գումարները ստացել, սիրուն աչքերի՞ս համար եմ ստացել: Զինվորական գրքույկիս մեջ էլ չեն խփում, որ պատերազմի մասնակից եմ »:

Կամավորմասնակցած տղամարդն ասում է, որ Արցախ էր մեկնել ոչ թե «ինքնագլուխ», այլ իրեն զինկոմիսարիատն էր ծանուցագիր ուղարկել. « Մենք այդ թղթով գնացել ենք վայենկոմատ, ջոկատը կազմվել է, երեսուն հոգի դզվել է ու շարժվել ենք: Մարդիկ կան զինգրքույկ էլ չունեն, նրանց չեն տալիս: Չկա այդպիսի բան, թե սա խտրականություն է, որովհետեւ ես ասորի եմ, մեր ջոկատի հայերն էլ, ասորիներն էլ նույն խնդիրն ունեն: Բոլորին նույն բանն են ասում, ով գնում է` ասում են` արդեն զզվացրիք, 23 հոգուդ անունները չկան: Մեր զինկոմն ասում է` ես տեսել եմ, որ դուք գնացել եք, բայց ձեր անունները ոչ մի տեղ չկան »:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest