44-օրյա պատերազմի ընթացքում Անանուն բարձունքում առանց հրամանատարի մնալու հետևանքով, ըստ ծնողների, ժամկետային զինծառայողների զոհվելու դեպքում ՀՀ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Այս մասին Forrights.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են իրավապահ կառույցից:

Հիշեցնենք՝ Forrights.am-ն ավելի վաղ գրել էր 44-օրյա պատերազմի ընթացքում Անանուն բարձրունքում զոհված զինծառայողների ծնողների ահազանգը: Ըստ նրանց՝ հրամանատարը և սերժանտները լքել էին զինվորներին, իրենց հետ տանելով կապի բոլոր միջոցները, ինչի պատճառով տղաները չեն լսել նահանջ հրամանը, հայտնվել են շրջափակման մեջ ու զոհվել:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս դեպքի կապակցությամբ իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ: Զինվորների հրամանատար ավագ լեյտենանտ Տիգրան Կարապետյանը, սերժանտներ Դավիթ Այվազյանը և Արմեն Ավետիսյանը հարցաքննվել են վկայի կարգավիճակով: ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննությունը դեռ շարունակվում է:

Forrights.am-ին հաջողվեց կապ հաստատել վկաներից ավագ լեյտենանտ Տիգրան Կարապետյանի հետ: Վերջինս թեմայի վերաբերյալ այս փուլում մեկնաբանություններ տալ չցանկացավ:

Զինվորների ծնողներն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էին, որ հրամանատարի և սերժանտների ենթադրյալ փախուստից հետո, Անանուն բարձրունքում մնացել են վեց զինծառայող: Նրանցից հինգը զոհվել են, մեկը վիրավորվել է, ապա գերեվարվել, իսկ ավելի ուշ հայրենադարձվել:

«Հոկտեմբերի 3-ի լուսաբացին՝ ժամը 04:10-ին, թուրքական սպեցնազից կազմված դիվերսիոն խումբ է մտել իրենց դիրքերը, մոտ կես ժամ մենամարտ է եղել: Վեց հոգով են եղել՝ վեցն էլ ժամկետային զինծառայողներ: Թուրքերի մտնելն Առնոլդն է նկատել, ընկերներին ձայն է տվել: Վեցից մեկին գերի են վրցրել, երբ նա վերադարձավ նաև  պատմեց, որ  ազգությամբ թուրք են եղել, ինքը տեսել է կրծքանշանները՝ թուրքական դրոշներ են եղել:

Առնոլդենց դասակն «Անանուն բարձրունի» վրա է եղել, երբ նահանջ են տվել: Իրենց մոտ կապի միջոցներ չեն եղել, իրենք չեն իմացել, որ նահանջ է՝ առանց սպայի մնացել են մարտական դիրքերում: Սպան անհայտ հանգամանքերում այնտեղ չի եղել: Դասակի հրամանատարը, դասակի հրամանատարի տեղակալը և ջոկի հրամանատարն այնտեղ չեն եղել: Հիմա այս հանգամանքերը պարզվում են, թե ինչու այնտեղ չեն եղել: Նշում են, որ դասակի հրամանատարը վիրավորվե է, բայց քննությունը կպարզի: Այն, որ այնտեղ չեն եղել և մյուս հրամանատարները, վերլուծելուց հետո հասկանում ենք, որ փախել են: Դասակի հրամանատարն ավագ լեյտենանտ է, հիմա էլ ծառայության մեջ է: Գերությունից վերադարձածն ասում է, որ հրամանատարներն իրենց ուղարկել են Անանուն բարձրունիք վրա ու իրենք տեղեկություն չեն ունեցել, թե ինչու իրենց մոտ չեկան»,- Մեզ հետ զրույցում ասել էր Անանուն բարձրունքում զոհված Առնոլդ Հովսեփյանի հայրը՝  Սամվել Հովսեփյանը:

Ստորև ներկայացնում ենք Անանուն բարձրունքում զոհված Առնոլդ Հովսեփյանի, Արման Մկրտչյանի, և Կարեն Անտոնյանի զոհվելու դրվագներն՝ ըստ նրանց ծնողների:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest