37-ամյա Արմեն (Արարատ) Մանուկյանը երկար տարիներ ապրում էր Մոսկվայում: 2016թ-ի քառօրյա պատերազմի ժամանակ նա մոսկվայաբնակ այլ հայերի հետ առաջնագիծ օգնություն էր ուղարկում, իսկ 2020-ին որոշել էր անձամբ գալ եւ մասնակցել պատերազմին: Նա զոհվել է նոյեմբերի 1-ին` դիպուկահարի արձակած կրակոցից:

Արմենը ծնվել ու մեծացել է Արտաշատում: Տարեց ծնողները` Գագիկն ու Վերան առողջական լուրջ խնդիրներ ունեն եւ հայտնվել են ծանր սոցիալական վիճակում: Զոհված կամավորի ծնողները հույս ունեն, որ կգտնվեն մարդիկ, ովքեր գոնե ինչ-որ կերպ կկարողանան օգնել իրենց:

Գագիկ Մանուկյանը պատմում է, որ նախ Արցախ էր մեկնել ավագ որդին` Արտակը. «Հոկտեմբերի 2-ին մեծ տղաս գնաց, որպես կամավոր գնաց ճակատ: Արմենը իմացավ դրա մասին: Այդ պահին ինքը Մոսկվայում էր: Էլ հաշվի չառավ, թե ինչ վիճակ է, կոռոնա է, այլ խնդիրներ են, վերադարձավ տուն: Ամսի 4- ին տանն էր: Հարցրի, թե ինչու է վերադարձել, սկսեց չուզելով պատասխանել, թե այստեղ գործեր ունի: Առավոյան արթնացավ, ասեց, թե գնամ վայենկոմատ ու գամ: Ամսի 6-ի երեկոյան նրանց տարան» : Առաջնագծում եղբայրներն այդպես էլ միմյանց չեն տեսել, իսկ որոշ ժամանակ անց եկել է Արմենի զոհվելու մասին լուրը:

Որպես կամավոր առաջնագիծ մեկնած եւ Արմենի հետ ռազմական գործողություններին մասնակցած Լեւոն Խաչատրյանը կապ է պահում նրա ծնողների հետ, պարբերաբար փորձում է որեւէ կորպ օգտակար լինել նրանց համար: Հիշելով տեղի ունեցածը, նա պատմում է. « Մեր հրամանատարը գնդապետ Արայիկ Մուրադյանն էր՝ Արարատի վայենկոմը։ Հոկտեմբերի 28-29 էր արդեն, որ հրամանատարը վիրավորվեց, իրան իջեցնելուց հետո, նահանջի հրաման եկավ։ Մենք մեզ հրամանատար նշանակեցինք Արմենին, ասեց՝ մենք 30 հոգի ենք, իրանք շատ են, շրջափակման մեջ ենք ընկնելու, որոշեք՝ ով ուզում ա, թող մնա, ես իջնողը չեմ։ Մենք էլ մնացինք, որովհետեւ գնացել էինք կռվելու, ոչ թե փախնելու»։

Լեւոնը նշում է` Արմենը զոհվել է շրջափակումից դուրս գալիս, իսկ  հրետանու հարվածից վիրավորվել են ջոկատի տղաներից մի քանիսը։ Լեւոնը եւս վիրավորվել է: Օգնելով վիրավոր ընկերներին՝ ջոկատը դուրս է եկել շրջափակումից, Լեւոնին անգիտակից վիճակում ներքին արյունահոսությամբ տարել են Կապանի, այնուհետեւ Սիսիանի հոսպիտալ։ 

Զոհված կամավորի մայրը` Վերան, ով ոսկրային հիվանդությամբ է տառապում, ասում է, որ որդին շատ ուժեղ կամք ուներ, հայրենասեր էր ու հասկանալով է գնացել հայրենիքը պաշտպանելու. «Ինքը որոշեց, ինքը գնաց: Մենք շնորհակալ ենք, որ ընկերների շնորհիվ նրա մարմինը հասավ մեզ, ոչ թե կորավ»,- ասում է մայրը:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest