Ժողովրդավարությունն արագորեն զիջում է իր դիրքերը ավտորիտարիզմին Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածաշրջանում: Այսպիսի գնահատականի է հանգում հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպության Nations in Transit 2022 թվականի տարեկան զեկույցը, որն ուսումնասիրում է եվրասիական 29 երկրների տարվա կտրվածքով ժողովրդավարության հետ կապված իրավիճակը․ գրում է VOA-ն։

Freedom House-ի կարծիքով՝ անցած տարի 21-րդ դարում առաջին անգամ այս տարածաշրջանում գերակշռող կառավարման ձևն էր «հիբրիդային ռեժիմը», որն իր մեջ պարունակում է ժողովրդավարության և ավտորիարիզմի տարրեր: Այս ռեժիմները կարող են լինել ժողովրդավարական նվազագույն իմաստով, քանի որ անցկացնում են կանոնավոր, մրցակցային ընտրություններ, սակայն վերջիններիս անգործունակ ինստիտուտները չեն կարողանում ապահովել ժողովրդավարական կառավարման բոլոր բաղադրիչները, ներառյալ զսպումների և հակակշիռների համակարգի հավասարակշռությունը, օրենքի գերակայությունն ու իրավունքների և ազատությունների համատարած պաշտպանությունը, ասված է զեկույցում: 2004 թվականից ի վեր չորս ժողովրդավարական երկրներ նահանջել են հիբրիդային կառավարման գորշ գոտի, որոնցից են Հունգարիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան, նշված է զեկույցում: Իրավապաշտպան կազմակերպության պնդմամբ միևնույն ժամանակահատվածում նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ:

Հայաստանն, ըստ Freedom House-ի զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միավոր նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն: Հայաստանն առաջընթաց է գրանցել զեկույցի կողմից հետոզոտվող մի քանի ոլորտներում, ներառյալ ժողովրդավարական կառավարումը, ընտրական գործընթացը և դատաիրավական համակարգի զարգացումն ու անկախությունը՝ միևնույն ժամանակ նահանջելով անկախ մամուլի ցուցանիշում: Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%: Ըստ Freedom House-ի, այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձևից հիբրիդայինի ավելի խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»: Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ, օրինակ, Հայաստանում «2018 թ-ին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը և մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021 թ-ին՝ վճռականորեն վերջ դնելով Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը։ Այդ ժամանակվա առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերությունների, հիմնականում հանձնառություն ունեն դեպի ժողովրդավարություն և հանրային շահ»: Հայաստանը, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Freedom House-ի կարծիքով՝ 2020 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ռազմական հարձակում սկսեց հայկական ուժերի դեմ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում՝ սպանելով հազարավոր մարդկանց և տեղահանելով շատերին»։ Ըստ զեկույցի՝ հակամարտությունը, որը լրջորեն ապակայունացրեց տարածաշրջանի անվտանգության համակարգը, հանգեցրեց տարածքային ձեռքբերումների հօգուտ Բաքվի, ամրապնդեց Ադրբեջանի նախագահի քաղաքական դիրքերը և առիթ ստեղծեց ազատ խոսքի ու ազատությունների հետագա բռնաճնշման համար: Freedom House-ը նկատում է, որ «Ալիևի՝ ռազմական ագրեսիայի օգտագործմամբ ակնհայտ հաջողությունը իր իշխանությունն ամրապնդելու հարցում կարող է նպաստած լինել Վլադիմիր Պուտինի՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելու որոշմանը», հատկապես այն դեպքում, երբ Պուտինն ինքը բազմիցս դիմել է նման քայլի՝ իր քաղաքական դիրքերն ամրապնդելու համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest