44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հացադուլ են հայտարարել ու միացել Ազատության հրապարակում նստացույց անող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։ Ապրիլի 17-ի գիշերը Նվեր Կիրակոսյանը հայտնել էր, որ ինքը և Արթուր Ավագյանը սկսում են անժամկետ հացադուլ։ Հացադուլի նպատակը, ըստ նրա, «անկախության սերնդի» ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։

Նվեր Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում խնդրել է քիչ շահարկել իր՝ պատերազմի մասնակցության փաստը՝ նշելով, որ պատերազմի մասնակցությունը իրեն բարոյական իրավունք է տալիս ունենալու դիրքորոշում, բայց այժմ իրենք ներկայանում են որպես «մտահոգության մարմնացում»։

Այս պահին նրանք Երևանի Ազատության հրապարակում են։ Նվեր Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ինքնազգացողությունը լավ է, իսկ տրամադրությունը՝ գերազանց, քանի որ նրանք երեկ կարողացել են ուշադրություն գրավել գաղափարի վրա։ Կարողացել են ներկայացնել գաղափարը՝ ցույց տալով, որ այն վերանձնային է, վերկուսակցական է, և նրանք ոչ թե անձեր են, այլ «մտահոգության մարմնացում» են․

«Մենք շարունակում ենք հացադուլը, և մեր մեսսիջը մնում է նույնը․մեր խնդիրը հասարակության երիտասարդական շերտի հետ է։ Մեր հացադուլը իր խնդիրը կհամարի կատարված, եթե այստեղ հավաքվի այն կրիտիկական զանգվածը, որը մենք պատկերացնում ենք։ Այսինքն «անկախության սերնդի» ներկայացուցիչները, ովքեր կիսում են մտահոգությունը և պատրաստ են այդ մտահոգության համատեքստում գործել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նվեր Կիրակոսյանը։

Արթուր Ավագյանի խոսքով՝ «անկախության սերնդի» ծնունդը Արցախյան շարժումն է․

«Երբ մենք հետ հայացք ենք գցում Արցախյան շարժման սկզբին, նախանձով ու հպարտությամբ ենք լցվում, բայց պատմության մեջ ունենք էջեր, երբ պարզապես ամոթով ենք լցվում։ Անկախության սերունդ չի նշանակում այն մարդիկ, ովքեր ծնվել են այդ շրջանում․սա սրտերի կապի մասին է։ Այն մարդիկ, ովքեր սկսել էին և այն մարդիկ, ովքեր պետք է շարունակեին։ Եթե որևէ մեկը իրեն համարում է այս ամենի ժառանգորդը, ուրեմն անկախության սերնդի ներկայացուցիչ է»,-լրագրողներին ասում էր Արթուր Ավագյանը։

Վերջինիս կարծիքով՝ «անկախության սերունդն» է Արցախի ժառանգորդը, բայց ինքը իր կարծիքը դեռ չի հայտնել։ Պահը պահանջում է, որ այդ սերունդը պայքարի դրոշակ բարձրացնի։

Այսօր ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը անդրադառնալով հայտարարված հացադուլին նշեց․

«Այսօր պաշտպանի ներկայացուցիչները իմ հանձնարարությամբ եթե չեն այցելել, ապա կայցելեն հացադուլ հայտարարած, պատերազմի մասնակից երկու տղաներին: Ուզում եմ իրենց առողջական վիճակի հետ կապված խնդիրներին ծանոթանալ, և ըստ անհրաժեշտության՝ մեր կոնտակտները փոխանակել»,-ասաց Գրիգորյանը։

ՄԻՊ-ը կոչ արեց դադարեցնել հացադուլը։ Իր կարծիքով՝  երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է լուծել հացադուլով, պետք է լուծել համատեղ կառուցողական աշխատանքով։

«Անհրաժեշտության դեպքում ես էլ կայցելեմ տղաներին։ Եթե այսօր չդադարեցնեն հացադուլը, առիթը կօգտագործեմ իրենց հետ էլ նաև խոսակցություն ունենալու»,-հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց օմբուդսմենը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest