Լրագրողի հավատարմագրության դադարեցում կամ զրկում չպետք է լինի ՀՀ օրենսդրության մեջ․Աշոտ Մելիքյան

48

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կազմակերպել է քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի թեմայով (հավատարմագրման կարգի փոփոխության մասով)։


«Լրագրողական հանրությունը հերթական անգամ անտեղյակ է եղել, թե ինչ է փոխվելու և ինչու: Որևէ հիմնավորում կամ պատճառ չի քննարկվել որևէ խմբագրության հետ, լրագրողական կազմակերպությունները պոստ ֆակտում են իմացել, որ այդպիսի նախաձեռնություն կա և զրկված են եղել առաջարկներ ներկայացնելու հնարավորությունից: Լրագրողների գործունեությունը խոչընդոտող քայլեր են իրականացվում և օրենքներ են ընդունվում, որոնք անընդհատ նեղացնում են խոսքի ազատության շրջանակը»,-հայտարարեց Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ ասում էր, որ պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ։


Նա, մասնավորապես նշել է՝ ըստ նախագծի ՝պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել պետական մարմնի կողմից, եթե խախտվել են աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները։ Այսօր գործող կարգավորմամբ, սակայն, գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը։ Ըստ Հովհաննիսյանի՝ այս նախագծով լրացվում է օրենքում առկա բացը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է՝ լրագրողի հավատարմագրության դադարեցում կամ զրկում չպետք է լինի ՀՀ օրենսդրության մեջ։ Պետությունը չպետք է որոշի՝ լրագրողը պետք է հավատարմագրվի, թե ոչ։ Ինքը լրատվամիջոցը պետք է որոշի՝ պետական մարմինը իրենց հետաքրքի՞ր է, իրենք պետք է ունենա՞ն լրագրող, թե՞ ոչ։


«Արևելյան գործընկերության փորձը ցույց է տալիս, որ մերժման կամ դադարեցման մոտեցումը առհասարակ մի կողմ է դրվում։ Միջազգային փորձագետները ասում են՝ պետական մարմինը չպետք է հավատարմագրումը դիտարկի որպես աշխատանք տալ լրագրողին։ Հավատարմագրելով ընդամենը դուռ է բացվում, որ լրագրողը գնա և իր առաքելությունը կատարի։ Ե՛վ ԵԱՀԿ փաստաթղթերում, և՛ ԵԽ փաստաթղթերում մերժումը միայն այն դեպքում է, երբ օրենքով նախատեսված անհրաժեշտ տվյալները խմբագրությունը չի տրամադրել։ Իսկ դադարեցումն, առհասարակ որպես մոտեցում մի կողմ է դրված»,-ասաց Մելիքյանը։
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ իրենք հանդիպումներ են նախաձեռնել Գլխադասային հանձնաժողովի նախագահի հետ, հետո, նաև Արդարադատության նախարարի մասնակցությամբ։ Վերջինիս գնահատմամբ՝ նախորդ փորձը ևս ցույց է տվել, որ ցանկացած պայմանավորվածություն ցանկացած իշխանության հետ որևէ լուրջ հիմք չի ստանում և չի իրականացվում։


«Մենք մեր դժգոհություններն ու վրդովմունքն էինք արտահայտում այդ առնչությամբ, որ չի կարելի վերցնել ու փչացնել օրենսդրությունը և համարել, որ դու ժողովրդավարական ուղով ես գնում։ Իրենք խոսք տվեցին, ինչպես նախորդ իշխանություններն են խոսք տվել, որ որևէ օրենք կամ օրենքի նախագիծ առանց մասնագիտական կառույցների հետ քննարկելու, առանց իրենց դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելու, չի ընդունվի։ Հենց գաղափարի ծնվելու պարագայում է պետք դա քննարկել»,-ասաց Մելիքյանը։


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ խնդիրն առաջացել է դեռևս դեկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխություններով(աղբյուրի նույնականացման մասով), որը ներկայիս խնդիրների հիմքն է։ Ըստ Նավասարդյանի՝ հավատարմագրում կարող է լինել միայն ԱԺ-ում՝ հաշվի առնելով, որ այստեղ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և, առանց հավատարմագրման, լրագրողի մուտքը շատ դժվար է կազմակերպել։ Մնացած բոլոր կառույցներում Նավասարդյանը հավատարմագրման իմաստը չի տեսնում․


Ինչ վերաբերում է ԱԺ-ում կարգին, ես կողմնակից եմ այստեղ հնարավորինս ինքնակարգավորման մեխանիզմներ ներառել։ Կարգը պետք է գոնե երկխոսության՝ ԱԺ աշխատակազմի և լրագրողների միջև ձևավորվի։ Կարգի խախտման համար պատժամիջոցները պետք է նույնպես համաձայնեցված լինեն լրագրողների և աշխատակազմի միջև։


Վերջինիս խոսքով՝ կարգը և հաղորդակցությունը պահպանելու կարգավորումները պետք է ունենան ոչ միայն լրագրողները, այլև պատգամավորները։ Միայն միակողմանի այդ գործը չի կարող լինել, և, պարտադիր զուգահեռաբար պետք է լուծվի էթիկայի կամ հանձնաժողովի աշխատանքի հարցը․
«Մենք ունենք երկու կողմ, որոնք աշխատում են ԱԺ-ում, ոչ թե կան տերեր և կան հյուրեր։ Ե՛վ լրագրողները, և՛ պատգամավորները այստեղ աշխատում են, և երկու կողմն էլ ունի իր կարևորագույն գործառույթը՝ հանրային շահերից ելնելով։ Եթե միայն մի կողմը ունենա պարտավորութուններ, ապա մենք կունենանք բազմաթիվ միջադեպեր, որոնց ականատեսը լինում ենք, ցավոք, շատ հաճախ»,-եզրափակեց Նավասարդյանը։