ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը,  շարունակելով աշխատանքային այցը Սյունիքում, ապրիլի 13-ին Գորիսում հանդիպում է ունեցել Արցախից տեղահանված ընտանիքների հետ։

Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ծանոթացել է տեղահանված արցախցիների խնդիրներին, լսել ընտանիքների մտահոգությունները, որոնց հիման վրա կատարվել է կենսական կարիքների հավաքագրում և տեղում քննարկվել են կատարվելիք քայլերը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանը հավաստիացրել է տեղահանված բնակիչներին, որ ՄԻՊ Սյունիքի մարզային գրասենյակի միջոցով նրանց խնդիրները կլինեն իր ուշադրության կենտրոնում: Պաշտպանն այցելել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանային համայնք, որտեղ հանդիպել է վարչական ղեկավար Բենյամին Պողոսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանի և համայնքի բնակիչների հետ, ծանոթացել առկա անվտանգային և սոցիալ-կենցաղային խնդիրներին:

Բնակիչների և ուսուցիչների հետ շփման ընթացքում Պաշտպանին ներկայացվել են մտահոգություններ, որոնք առնչվում են երիտասարդների զբաղվածության խնդրին, գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում բնակիչների ունեցած դժվարություններին, գյուղի հասարակական տրանսպորտի, սահմանամերձ համայնքում ուսուցիչների վարձատրման ու կադրերի խրախուսման հնարավոր մեխանիզմներին։

Պաշտպանը համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքի կանանց աշխատանքային զբաղվածությամբ ապահովելու համատեքստում կարի արտադրամաս հիմնելու համայնքի մշակած ծրագրի կենսագործմանն աջակցելու տարբերակները։

Աշխատանքային այցի ավարտին Քրիստիննե Գրիգորյանն այցելել է  նաև  համայնքի «Դավիթ Բեկ» երիտասարդական զարգացման կենտրոն, որի բացումը նախատեսված  է առաջիկայում։

Պաշտպանը կարևորել է երիտասարդության համար զբաղվածության ու անհատական զարգացման համար համայնքում բարենպաստ միջավայր ու հնարավորություններ ստեղծելու ջանքերը և իր աջակցությունը հայտնել նմանօրինակ նախաձեռնությանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest