Տոնացույցում «Քաղաքացու օր» ավելացրած Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք քաղաքացին աղերսում է՝ պետությունն արյուն տա, որ չմեռնի: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն Ա. Գ.-ից ահազանգ է ստացել, որ «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց»-ում ՄԻԱՎ-ով տառապող եղբորը չեն տրամադրում արյուն, ալբումին (արյան պլազմայի հիմնական սպիտակուցը) և այլ անհրաժեշտ դեղորայք: Սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքը ստիպված է օրը մինչև 60 հազար դրամ ծախսել տղային դեղերով ապահովելու համար:

«Անհրաժեշտ է եղել արյուն տալ և դա մենք ենք գնել, գնել ենք նաև այլ դեղեր, որոնց համար ես բավականին մեծ գումար եմ վճարել: Ես մինչև հիմա վճարում եմ արյան համար, նա ընդամենը երեք անգամ է հիվանդանոցի կողմից արյուն ստացել: Էլ ինչ հիվանդանոց, որ չի կարողանում հիվանդին հասարակ արյունն տալ, անհեթեթություն է»,- նշում է քույրը:

Քրոջ խոսքով՝ նույն դեղերն, ինչի համար այժմ վճարում է, եղբորը տվել են անվճար, երբ վերակենդանացման բաժանմունքում է գտնվել, սակայն, հիվանդասենյակ տեղափոխելուց հետո կրկին իրենք են գնել:

 «Հիվանդը պե՞տք է գնա անպայման վերակենդանացում, որ նոր դեղեր տան: 38 հազար օրը դեղերին գումար եմ տալիս, եթե արյունն էլ գումարեմ 60 հազար դրամից ավելի է լինում:

Ես ուզում եմ հասկանալ, եթե այդ հիվանդներին բուժում են պետպատվերով, ես ինչու եմ դեղերին այդքան գումար տալիս: Բժիշկներին այս ամենն ասում եմ, պատասխանում են, թե մեր հնարավորությունների շրջանակում ինչ կարողանում ենք անում են: Բայց ի՞նչ են արել, ոչինչ չեն արել, արել են այն ինչը պետք է անեին»:

Այս քաղաքացին արդեն մեկ ամիս է բուժվում է ինֆեկցոն հիվանդանուցում: Քուրն ասում է՝ անորոշ է, թե երբ կավարտի ստացիոնար բուժումը: Անվճար ստանում են միայն ՄԻԱՎ-ի համար նախատեսված դեղերը:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կետտրոնի տնօրեն Վարդան Ավագյանը մեզ հետ զրույցում չի հերքում, որ ոչ միայն այս, այլ նաև մյուս հիվանդներին չեն ապահովում անհրաժեշտ դեղորայքով, քանի որ կա նախարարի հրաման՝ չանցնել ծախսերի սահմանված շեմը:  

«Կա նախարարի հատուկ հրաման, որի համաձայն արյունը և ալբումինը, եթե 20 հազար դրամից ավել է կազմում, պետությունը չի հոգում նման ծախսերը: Մասնավորապես, այս մի դեպքով, ես հանձնարարել եմ, որ իրենց ընդառաջեն, եթե կարողանանք: Կան դեպքեր, որ ծախսը մեծ է և նախարարի հրամանով դրա համար վճարում են քաղաքացիները:

Այսինքն, եթե գումար չունեն, որպեսզի հոգան արյան և մյուս դեղորայքի ծխխասերը,  պետք է մահանա՞ն, հարցրեցինք կենտրոնի տնօրենին:  «Հիվանդանոցը գնահատելով իր հնարավորությունները փորձում է օգնել, ձեռքերս ծալած չենք նստում»,- վստահեցնում է Վարդան Ավագյանը՝ արյուն խնդրող հիվանդների բողոքների ֆոնին:

Իսկ ահա իշխանական պատգավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հիվանդների համար «լավություն» է համարում այն, որ պետությունը բուժման ծախսերի մի մասը հոգում է:

«Մենք ունենք բազմաթիվ հիվանդություններ, որոնց դեպքում պետությունն ամբողջությամբ չի փոխհատուցում բուժման ծախսերը, իսկ դա պայմանավորված է բյուջեի սահմանափակ լինելով: Պետք է քաղաքացին փորձի գտնել այլ միջոցներ այդ ծախսերը փակելու համար»,- ասում է նախկին նախարարը:

Եթե պետությունը չի վճարում ՄԻԱՎ-ով վարակված քաղաքացու ծախսերը, իսկ հիվանդն էլ չունի ֆինասական միջոցներ՝ դատապարտված է մահանալու՞, հետաքրքրվեցինք Նիկոլ Փաշինյանի թիմակցից:

«Պետության վրա հարյուր հազարավոր քաղաացու հոգս կա, հաշմանդամություն ունեցողներ, զինվորականներ, նպաստառուներ, մինչև 18 տարեկաններ…»,-ինչպես նաև հարյուր հազարավոր դոլարների պարգևավճար բաժանելու հոգս կա պետության վրա, հիշեցրեցինք պետպատվերի սահմանափակ ծավալներն ամեն կերպ արդարացնող Արսեն Թորոսյանին և հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր չէ հեղափոխությամբ իշխանության եկածների պարգևավճարների ֆոնդը, ի դեպ, ովքեր քաղաքացուն համարում էին բացարձակ արժեք, ուղղել անապահովների բուժամնը:

«Ցանկացած պետական պաշտոնյա պետք է ստանա պատշաճ վարձատրություն, որպեսզի կարողանա աշխատել: Այդ պարգևավճարների թեման ժամանակն է, որ փակեք, քանի որ տասնյակ հազարավոր պետական ծառայողների մասին է»,- ասաց իշխանական պատգամավորը:

Արդյունքում առողջական խնդիրներ ունեցողները շարունակելու դժգոհել, իսկ իշխանության ներկայացուցիչներն ամեն կերպ հիմնավորեն, թե ինչու են կարիքի մեջ գտնվող քաղաքացիներն օր օրի ավելանում Հայաստանում:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest