Փետրվարի 24-ից՝ շուրջ երկու ամիս, Հայաստանի Զինված ուժերը չունի Գլխավոր շտաբի պետ: ԳՇ պետի պարտականություններն իրականացնում է պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը: Կառավարությունը չի հստակեցնում, թե ինչու է մինչ այս պահը թափուր առանցքային այս պաշտոնը: Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավորման չորս տարիներին արդեն չորս անգամ հասցրել է ԳՇ պետ նշանակել ու ազատել աշխատանքից:

Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարոն Ղուկասյան, ինչու՞ Հայաստանի Զինված ուժերն արդեն երկու ամիս է չունի գլխավոր շտաբի պետ:

-Այն, որ ԳՇ պետի պաշտոնակատարն է մինչ այս պահը ղեկավարում Զինված ուժերը, պայմանավորված է ռազմական վերնախավում առկա ճգնաժամով: Այն անհրաժեշտ բարեփոխումները, որ պետք է բանակում կատարվեն՝ մեր անվտանգությունը վերականգնելու համար, այն ռազմական վերնախավաը, որ Հայաստանում ձևավորվել է իրականացնել չի կարող: Բարձրագույն գեներալաներից ոչ ոք չի ուզում վերցնել պատասխանատվություն նման ծրագիր իրականացնելու համար, որովհետև ոչ մեկի կոմպետեցիան դրան չի համապատասխանում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կա թափուր պաշտոն, բայց չկան ցանկացողներ այդ պատասխանատվությունը վերցնելու: Միաժամանակ ամեն օր խնդիրներ կան շփման գծում, դա ևս ենթադրում է պատասխանատվություն, որը էլի ոչ մեկ չի ուզում ստանձնել: Դրա համար ստեղծվել է այս իրավիճակը, որը դեռ երկար ժամանակ մնալու է:

ԳՇ պետի բացակայությունն ի՞նչ ազդեցություն է ունենում ՀՀ բանակի վրա:

Չի ընթանում բանակի բարեփոխումները: Հայաստանն ունի խնդիր ադեկվատ ռազմական ուժ ձևավորել Ադրբեջանի զինված ուժերին համաչափ:  Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է  50 գունդ ձևավորի՝ 25-ն Ադրբեջանի, իսկ մյուս  25-ն էլ Թուրքիայի դեմ: Սա մեծ աշխատանք է՝ ժամանակակից կանոններին համապատասխան պետք է մարտական միավորումները ձևավորել, սպառազինության, անձնակազմի կառավարման հարցեր կան: Մեր եղած սպայական կազմի մեջ չկա այդպիսի կադրը, որը ժամանակակից պահանջներին համապատասխան կկարողանա նման փոփոխություններ անել և արդյունքում չկան բարեփոխումներ կամ խոսակցություններ դրա անհրաժեշտության մասին: Սա համալիր քաղաքականությունն պետք է լինի, փոխարենը կա պարալիզացված վիճակ, որը մեծ վտանգներ է ստեղծում մեզ համար:

Այս իրավիճակը որքա՞ն է շարունակվելու:

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է մեր կառավարությունը իրավիճակը լինելու է այպիսին:

Բարեփոխումների նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը ղեկավարում է Պաշտպանության նախարարը: Բարեփոխումների մասին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց պատերազմից հետո հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակներում, ապա ՔՊ նախընտրական ծրագրում էր նշվում դրա մասին և ընտրություններից հետո՝ կառավարության ծրագրում: Հիմա, սակայն, երբ հարցնում են, թե ինչ փուլում են բարեփոխումները ոչինչ չեն ասում….

-Իսկ ինչ պատասխանեն, ոչ մի բան, ոչ մի բարեփոխում չի կատարվում բանակում: Բանակում հիմա պետք է լիներ վերակազմավորում: Ադրբեջանն ունի 25 բրիգադ: Հայաստանը, բնականաբար, պաշտպանված լինելու համար պետք է ունենա նույնքան գունդ՝ հակադրվելու համար: Այդ գնդերն ավելանու՞մ են, անձնակազմն հատուկ պատրաստություն անցնու՞մ է, սպառազինությու՞նն է կարգի բերվում…ոչ մի նման բան չկա: Այսօրվա քաղաքական իշխանություններին, ըստ էության, նման բան պետք չի: Բնականաբար կարևոր խոսքեր էին, որոնք պետք է ասվեր ընտրություններից առաջ, կապիտուլացիա ստորագրելուց հետո: Քաղաքական կուրսը, որն այսօր իրկանացնում է Նիկոլ Փաշինյանը չի ենթադրում Հայաստանում բանակ ստեղծել, չի ենթադրում Ադրբեջանի Զինված ուժերը զսպող ուժ ստեղծել: Ենթադրվում է ստեղծվել ձևական ռազմական ինչ-որ ուժեր, որոնք չես կարող ասել, որ գոյություն չունեն, բայց, որ գոյություն ունեն իրենք չեն կարող լիարժեք ֆունկցիաներ ունենալ: Նիկոլ Փաշինյանի գաղափարը կայանում է նրանում, որ ՀՀ-ում բանակ պետք չի:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest