Բուհը փորձում է յուրացնել պատերազմի մասնակցի համար պետության տված փոխհատուցումը

223

Բուհերը համատարած խախտում են 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին ուսման զեղչեր տրամադրելու պարտավորությունը և ոնց կարողանում, «քցում» են պատերազմի մասնակիցներին:

Մինչդեռ ՀՀ Կառավարությունը դեռ 2020 թվականի դեկտեմբերին խոստանում էր, որ 100 տոկոսով կփոխհատուցի 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն առաջին կիսամյակի ուսման վարձավճարը:

2021 թվականի մայիսին  էլ կառավարությունը որոշեց փոխհատուցել պատերազմի մասնակցած 2735 ուսանողների ուսման վարձը, այդ նպատակին հատկացնելով 568,5 մլն դրամ:

Փոխհատուցման չափը չնչին էր, աննշան: ՀՀ կառավարությունը ամեն անգամ ընդամենը մեկ  կիսամյակի ուսման վարձից էր ազատում պատերազի մասնակիցներին: Իսկ բուհերը ամեն ինչ անում են, որ այդ չնչին գումարն էլ չզեղչեն։

Որոշ բուհեր տարբեր անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվում են տրամադրել պատերազմի մասնակիցներին արտոնություն, թեև կառավարությունից ստանում են փոխհատուցման գումարները: Ուսանողներն էլ հաճախ բողոքում են, որ իրենց հասանելիք արտոնությունը տրամադրվում:

Բողոքներից մեկը վերաբերում է պոլիտեխնիկական համալսարանին: Forrights.am-ին էր զանգահարել 44-ամյա պատերազմի մասնակից Ս.-ի մայրը՝ Ն. Բ.-ն, որն ամբողջ պատերազմի ընթացքում և մինչև 2021 թվականի հուլիսը սպասել է որդու վերադարձին:

Ս.-ն ծրագրավորող է, սովորում է պոլիտեխնիկական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետում: Նա ուսման վարձի փոխհատուցման ծրագրի իսկական շահառու է, այն մարդկանցից, որոնց կյանքը թեթևացնելու համար իրականացվում էր այն: 

Սակայն պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը ոչ միայն զրկել է Ս.-ին իրեն օրենքով հասանելիք արտոնությունից, այլև  Ս.-ի միայնակ մայր հանդիսացող մորից կորզել է գումար 2019-2020 ուսումնական տարվա համար՝ այսինքն այն ամիսների համար, երբ որդին բանակում էր և բուհ հաճախել չէր կարող:

 «Երբ որ տղաս պետք է գնար բանակ, ինձ դեկանատում ասեցին, որ պետք է կես տարվա գումարը մուծեմ: Չէին պարտադրում, այլ ասում էին, որ մուծեմ, որովհետև հետո կարող է ուսման վարձը թանկանա: Որպես միայնակ մայր ես ուսման վարձը 50 տոկոս քիչ եմ  մուծում, և 2019-2020 ուստարվա համար մուծել եմ 257 հազար դրամ: Տղաս գնաց բանակ, հետ եկավ, ինձ տնօրինութունում  ասեցին՝ այդ 257 հազար դրամը, որ դուք վճարել եք, հետ չենք տալիս, բայց 2021-2022 թվականի առաջին կիսամյակը նա ձրի «կնստի»: Երկրորդ կիսամյակի հրամանը դեռ չի եկել, չգիտենք, ոնց կլինի», — պատմում է  Ն.Բ.:

Անցյալ շաբաթ նա կրկին գնացել է պոլիտեխնիկական համալսարան և արդարացի պահանջել է, որ իր մուծած գումարի կեսը իրեն հետ վերադարձնեն, քանի որ որդին պատերազմի մասնակից է և մեկ կիսամյակ օրենքով օգտվում է փոխհատուցման իրավունքից:

Սակայն բուհում հրաժարվել են հետ տալ միայնակ մոր փողը:

«Իմ որդու զինգրքույկում գրված է, որ նա 44-ամյա պատերազմի մասնակից է, այդ դեպքում ինչո՞ւ նա չի օգտվում կառավարության սահմանած արտոնությունից: Եթե օգտվու է,  ուրեմն, ինձանից վերցրած գումարի կեսը պետք է հետ տային, բայց չեն տալիս: Եղածը մի բան չի՝ ընդամենը կես ամսվա վարձ պետք է չվերցնեին, բայց իմ որդուն դ՞ա էլ չի հասնում: Չ՞է որ ես վճարել եմ մի ամբողջ ուստարվա գումար, բայց իմ տղան չի սովորել: Մի կիսամյակ էլ պետության  հաշվին պետք է սովորեր: Ուրեմն, թող իմ փողը հետ տան», — վրդովվում է մայրը, գիտակցելով, որ պոլիտեխնիկի ղեկավարությունն իրեն խաբել է:

Մենք կապ հաստատեցինք Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Սիրանուշ Մանուկյանի հետ:

Նա ասաց, որ  Ս.-ի դեպքում առաջին կիսամյակի համար չվճարելու արտոնությունը չի կարող 100 տոկոսով կիրառվել, քանի որ Ս.-ի մինչև բանակ գնալը ոչ մի կիսամյակ չի սովորել բուհում, այլ միանգամից զորակոչվել է։

Դեկանը նաև հերքեց, որ դեկանատից Նունե Բաղդասարյանին առաջարկվել է վճարել 2019-2020 ուս տարվա վարձը, այն դեպքում, երբ որդին եղել է բանակում, ապա  ընունեց, որ վճարումն այնուամենայնիվ իրականացվել է:

-Նախ, ինքը չէր կարող իր  միայնակության համար ամբողջ տարվա վարձը վճարել, որովհետև կիսամյակը մեկ նա պետք է դիմում գրի: Իսկ եթե ուսանողը գտնվում   է բանակում, նա դիմում չի ներկայացնում: 

-Բայց մայրը վճարել է, չ՞է

-Վճարել է, բայց երբ որ երեխան վերադարձել է, երեխան պետք է ստանար մեկ կիսամյակի արտոնություն, որը նա ստացել է: Երկորդ կիսամյակի համար ինքը պետք է գրեր դիմում, որ ստանար միայնակ մոր արտոնություն, երևի, չի գրել:

-Բայց ուսանողը չի ստացել արտոնություն, եթե ստացած լիներ,  մոր նախկինում վճարած գումարի  կեսը հետ կտային:

-Մայրը չի ստացել իր վճարած գումարը, բայց այն տեղափոխվել է 4-րդ կուրսի համար, այսինքն՝ հաջորդ կիսամյակ, 2022-2023 ուստարվա սկիզբ: Եթե ինքը ներկայացրած լիներ միայնակի դիմում, դրանից կգանձեին կեսը: Ինքը դիմում չի գրել:

-Հիմա եթե գա դիմում գրկի, կվերադարձնե՞ք գումարը:

-Ոչ, կվերադարձնենք միայն 4-րդ կուրսում:

-Բայց կառավարությունը ձեզ փոխհատուցե՞լ է, չէ:

-Այո, բայց  մենք դա տեղափոխել ենք հաջորդ կիսամյակ:

Ն.Բ.-ը վրդովված, ասաց, որ  դեկանը մեզ հեքիաթ է պատմել: «Եթե ես պետք է ամեն կիսամյակ դիմում գրեմ, որ միայնակ մոր արտոնությւոնից օգտվեմ, ինչո՞ւ ինձ այդ մասին տեղյակ չեն պահում: Կամ՝ էդ ի՞նչ կարգ ա, 6 ամիս միայնակ մայր եմ, 6 ամիս միայնակ մայր չե՞մ», — ասաց նա: Երեկ նա կրկին պոլիտեխնիկէր գնացել, և նրան կրկին տուն ուղարկեցին ձեռնունայն։ Ստացվում է, որ բանակայինների կյանքի ու առողջության հաշվին պատերազմի ժամանակ դեկանն ու մյուսները լիարժեքորեն պաշտպանվել են, բայց հիմա անգամ նրանց հասանելի չնչին օգնությունը փորձում են յուրացնել։

Սյուզան Սիմոնյան

 Լուսանկարում՝ Պոլիտեխնիկական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Սիրանուշ Մանուկյանն է