Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ հրապարակել է «Նանա Մուրադյանն՝ ընդդեմ ՀՀ-ի» գործով որոշումը, որով դատարանը որոշել է բավարարել զինծառայող Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի բողոքը: Որոշմամբ դատարանն արձանագրում է, որ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը. դիմումատուի որդու կյանքը պետության կողմից չի պաշտպանվել, ինչպես նաև չի իրականացվել դիմումատուի որդու մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն: ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է մահացած զինծառայողի մորը՝ Նանա Մուրադյանին, վճարել 20 հազար եվրո փոխհատուցում:

2009թ. նոյեմբերին Մուրադյանը զորակոչվել է և զինծառայության անցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ծառայությունից ամիսներ անց՝ 2010թ. մարտի 15-ին, զինծառայողի դին հայտնաբերվել է զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված։

Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ և որպես ինքնասպանության պաշտոնական պատճառ նշվել է Մուրադյանի 3000 դրամ պարտքը:

Հարցաքննվելիս Նանա Մուրադյանը նշել է, որ դեպքից մի քանի օր առաջ որդին իրեն պատմել է, որ զորամասում ականատես է եղել վառելիքի գողության։ Փաստել է, որ որդուն սպանել են այն զինծառայողները, որոնց տեսել է վառելիք գողանալիս։ Նա չի հավատում, որ իր որդին կարող էր ինքնասպան լինել:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով զինծառայողի մարմնի վրա հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ, որոնք հասցվել են դեռ կենդանության ժամանակ՝ մահից մոտ 2-4 օր առաջ:

Ստացված վնասվածքների մասով նախաքննական մարմինը եզրակացրել է, որ դեպքին նախորդող օրերին Մուրադյանը մասնակցել է ավտովերանորոգման աշխատանքներին և այդ ժամանակ կարող էին առաջանալ այդ վնասվածքները։

Նանա Մուրադյանը, դժգոհ լինելով նախաքննության արդյունքներից, տարբեր բողոքներ է ուղարկել պատկան մարմիններին՝ պնդելով, որ չեն հաստատվել իր որդու մահվան իրական հանգամանքները:

Վերջինս, դիմելով ՄԻԵԴ, առաջ է քաշել Կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ հոդվածների (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Մասնավորապես` այն, որ զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան դեպքով իշխանությունները չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել, պետությունը չի պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում:

ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, արձանագրել է, որ Վալերի Մուրադյանը զինծառայության ընթացքում գտնվել է պետության վերահսկողության տակ, որը չի պաշտպանել զինծառայողի կյանքի իրավունքը:

Կառավարությունը 3 ամսվա ընթացքում Նանա Մուրադյանին պետք է վճարի 20 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ նրա որդու կյանքի իրավունքի խախտման համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest