Այսօր, ժամը 18։30 տեղի ունեցավ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համատեղ հանրահավաքը «Ազատության» հրապարակում։ Հանրահավաքին ներկա էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Լրագրողների հետ զրույցում նախագահն ասաց, որ չի կարծում՝ վաղը՝ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի.

«Օդում, իհարկե, կախված են այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում, որ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»,-ասաց նա։

Ի պատասխան իշխանության հայտարարությանը, թե 30 տարում պետք է խաղաղություն պատրաստեին, որպեսզի այս օրը չընկնեինք՝ Սարգսյանն ասաց, որ այսպիսի կոնֆլիկտները հեշտ չէ նույնիսկ 30, 40, նույնիսկ 50 տարում լուծել.

«Ինչքան կարողացել ենք այնքան այդ լուծումը մոտեցրել ենք, և դա մեր մեղավորությունը չէ, որ իշխանության եկան մարդիկ, ովքեր ասացին, որ իրենց կետից են սկսում, և «ձեր գործը չէ, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք բանակցում ենք»,-ասաց նախագահը։

Մեղադրանքին, թե բանակցել են հանձնելու համար, Սարգսյանը պատասխանեց՝ երբեք հանձնելու մասով չի բանակցել.

«Ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ, և, դրանից ելնելով,  այո՛, մենք էլ ինչ-որ չափով պատրաստ էինք փոխզիջումների»,-ասաց նախագահը։

Ավելի վաղ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել էին հանրահավաքի մասին՝ դիմելով բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից։

Քնարիկ Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest