Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այսօր՝ ապրիլի 4-ին, հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանը խտրական կերպով պահվում է կալանքի տակ: Դատական նիստերի դռնփակ լինելուն ավելացել է նաև տարբեր տեխնիկական պատճառներով այդ նիստերի անցկացումը 2 ամիսը մեկ անգամ:

Ավելին, հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի մայիսի 2-ին: Փաստացի 3 ամիս է՝ դատարանը անգործության է մատնված: Սա գնահատում ենք որպես հոգեբանական խոշտանգում և պատժի գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, որի վերաբերյալ Դ.Տոնոյանը հայտարարել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ միաժամանակ պահանջելով հրապարակային քննություն:

Նիստը նախագահող դատավոր Մնացական Հարությունյանի այն հարցին, թե որն է, ըստ նրա, դատական նիստերը դռնփակ անցկացնելու նպատակը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է՝ որպեսզի հանրությունը չտեսնի առաջադրված մեղադրանքների սին լինելը:

Դ.Տոնոյանը վերաքննիչ դատարանում հայտարարել է նաև, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել, որն այդ փուլում նպաստել է ՀՀ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը, որի վառ ապացույցն է այն, որ ի հեճուկս այն հայտարարություններին, թե իբր ձեռք բերված հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ և ուսումնավարժական պատրաստման ընթացքում, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հակառակը:

Մեկ այլ կարևոր հանգամանք, որն իրական սպառնալիք է ՀՀ զինված ուժերի համալրման և մարտունակության բարձրացման համար. համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում խնդրո առարկա զինամթերքի հետագա շահագործումը ապահովելու, դրա պահպանման միջոցառումներն ապահովելու նպատակով, քանի որ զինամթերքի շահագործման վրա արգելք է դրված»,- ասված է հայտարարությունում։

Դավիթ Տոնոյանը կալանավորվել էր՝ խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի` հրթիռների մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։

Այսպես կոչված անորակ հրթիռների գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ու ևս 3 անձ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest