Ուկրաինայի Բուչայում բնակիչների դիերը փողոցներում են եղել, ենթադրաբար, դեռևս մարտի կեսերին, այսինքն՝ մինչ քաղաքից ռուսական զորքերի դուրսբերումը։ Նման եզրակացության են եկել ամերիկյան The New York Times պարբերականի լրագրողները՝ վերլուծելով այդ ժամանակահատվածում քաղաքի արբանյակային լուսանկարներն ու տեսանյութերը։

The New York Times-ի վերլուծած տեսանյութերից մեկը նկարահանվել է տեղական խորհրդի անդամի կողմից ապրիլի 2-ին։ Դրանում երևում են բազմաթիվ դիակներ, որոնք ընկած են Յաբլոնսկայա փողոցում։ Միևնույն ժամանակ, Maxar Technologies-ի կողմից NYT-ին տրամադրված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ այդ մարմիններից առնվազն 11-ը փողոցում է մարտի 11-ից՝ այն օրվանից, երբ ռուսական կողմը, իր իսկ տվյալներով, գրավել է քաղաքը։ Դիակների փողոցում հայտնվելու ամսաթիվը պարզելու համար լրագրողները համեմատել են տարբեր օրերին փողոցների պատկերները։ Արդյունքում նրանք պարզել են, որ Յաբլոնսկայա փողոցում «մարդու մարմնի չափսերով մի շարք մուգ առարկաներ» հայտնվել են մարտի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում: Միաժամանակ, ապրիլի 2-ի նկարները հաստատում են, որ նրանք պառկած են եղել նույն դիրքով, որով հայտնաբերել է քաղաք մտած ուկրաինական բանակը, նշում է NYT-ն։

Վերլուծելով Յաբլոնսկայա փողոցի երեք դի պատկերող տեսանյութն ու արբանյակային կադրերը՝ լրագրողները եկել են եզրակացության, որ այդ դիերը փողոցում հայտնվել են մարտի 20-ին և 21-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ դեռ քաղաքում գտնվում էին ռուս զինվորականները։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest