2022 թվականի փետրվարի 7-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Արթուր Բաբյանը ֆիզիկական և հոգեբանական խնդիրներով շարունակում է ժամկետային զինծառայությունը: forrights.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ շարքային Բաբայանը Բաքվից վերադառնալուց հետո շուրջ 10 օր ռազմական ոստիկանությունում մնալուց հետո տեղափոխվել է Ճամբարակի զորմաս՝ ծառայությունը շարունակելու: Ծնողներն այդ օրն ահազանգել էին, որ որդու առողջական վիճակն անհամատեղելի ծառայության հետ:
Արթուր Բաբայանն ի սկզբանե ծառայության է մեկնել Ջերմուկում: Գերեվարվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերի ընթացքում: Ադրբեջանում գերության մեջ անցկացրել է 3 ամիս:
forrights.am-ը փետրվարի 22-ին Արթուր Բաբյանի առողջական վիճակի, գերությունից վերադառնալուց հետո անհրաժեշտ բուժհետազոտություններ անցնելու և ծառայությունը՝ կրած հոգեբանական ու ֆիզիկական բռնություններից հետո շարունակելու վերաբերյալ հարցեր էր ուղղել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
Պաշտպանական գերատեսչությունից forrights.am-ի հարցմանը պատասխանել են 37 օր անց միայն՝ նախապես չտեղեկացնելով լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին: Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունից Արթուր Բաբյանի վիճակի մասին միայն դրական տեղեկություններ են փոխանցվել, ինչը ծնողները հերքում են:
ՊՆ-ից պատասխանից պարզվում է, որ գերությունից վերադարձած Արթուր Բաբյանը վերականգնողական բուժում չի անցել: Ուշագրավ է, որ ՊՆ-ում նման եզրահանգման են եկել զինծառայողին միայն ամբուլատոր բուժզննում անցկացնելուց հետո:
«Արթուր Բաբյանը վերադարձի օրը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ենթարկվել է ամբուլատոր բժշկական հետազոտության, որի արդյունքում վերականգնողական բուժման կամ զինվորական ծառայությությանը պիտանիության ռազմաբժշկական փորձաքննության կարիք չի արձանագրվել, իսկ հոգեբանի կողմից իրականացվել է ախտորոշիչ բնույթի անհատական հոգեբանական աշխատանք, որի արդյունքում զինծառայողի մոտ վարքային շեղումներ չեն դիտվել»- նշված է ՊՆ-ի պատասխանում:
Իակ ահա Արթուրի մայրը՝ Ոսկի Բաբայանը, forrights.am-ի հետ զրույցում որդու հոգեբանական վիճակի մասին լրիվ հակառակն է պնդում:
«Իրենք երեխուս հոգեբանությունն ուսումնասիրե՞լ են, իրենք հետաքրքրվու՞մ են, թե երեխայիս հետ ինչ է կատարվում: Հոգեբանական խնդիրներ շատ ունի, որ արձակուրդ էր եկել հարևանները չէին ճանաչում, հարցնում էին՝ քո Արթու՞րն է: Դեմքով նորմալ է, բայց այնպիսի շարժումներ է անում…գնալով նիհարում է, ես ջերյան էրեխա եմ ուղարկել, բայց հիմա ինչ են ինձ տալիս, ես չգիտեմ, թե ինչ անեմ: Զանգում եմ նախարարություն հեռախոսին չեն պատասխանում: Մի նորմալ սպա կա, ինքն է մեկ-մեկ ժամանակ հատկացնում էրեխու հետ հոգեբանորեն խոսում է:
Որ եկել էր արձակուրդ էրեխեքն ախպոր համար փուչիկներ էին առել, դրանցից մեկը պայթեց, տեսնեիք, թե ոնց վեր թռավ, մենք ասեցինք ինչ-որ մի բան եղավ: Այդ բոլոր ձայներն իր վրա ազդում են: Ուզում եմ պաշտպանության նախարարություն ինձ լսի, որ լսի՞ կարող է երեխաս մի արդյունքի գա կամ զորացներն տուն գա: Երեխաս չի կարող այս վիճակով ծառայել»,- ասում է մայրն ու շեշտում, որ տղայի ոտքերն ահավոր այտուցված են, ինչպես նաև մարմնի սուր ցավեր ունի, որոնք Բաքվում անցկացրած օերերի հետևանքներն են:
ՊՆ-ից մեր հարցին՝ արդյո՞ք Արթուր Բաբյանի առողջական վիճակը համատեղելի է ծառայության հետ փոխանցել են, որ զորամասում տղան գտնվում է բուժծառայության հսկողության ներքո: Սրան զուգահեռ Արթուրի մայրն ահազանգում է, որ տղան որոշ ժամանակ առաջ երկկողմանի թոքաբորբով է հիվանդացել և միայն իր խնդրանքերից հետո են տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
«Ես եմ զանգով խնդրել, որ տղայիս զորամասից հանել են տարել են Կարմիրի (Ճամբարակի) հիվանդանոց, ահավոր կրկնակի թոքաբորբ տանելուց է եղել, տարել են ռենդգեն են արել, որ տեսնեն թոքերի հետ խնդիրներ կա, թե՝ չէ: Ահավոր հազում է: Հազը, որ բժիշկը տեսնի կասի՝ այս երեխայի հետ ի՞նչ է կատարվում: Քիչ է մնում թոքերը բերանից դուրս գա»,- ասում է մայրը:
Արթուր Բաբյանը գերությունից վերադառնալուց հետո տասը օր մնալով ռազմական ոստիկանությունում տեղափոխվել էր պարտադիր զինվորական ծառայության՝ այդպես էլ չհանդիպելով ընտանիքի բոլոր անդամների հետ: Ընտանիքի որոշ անդամների միայն ռազմական ոստիկանության շենքում էր հանդիպել: Երեք ամսվա գերությունից հետո Արթուրին մի քանի օր մայրական խնամքի հնարավորություն ՊՆ չէր տվել: forrights.am-ի փետրվարի 22-ին նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված գրությունից միայն երեք օր անց փետրվարի 25-ին 10 օր արձակուրդ է տրամադրվել: Ոսկի Բաբյանն ասում է, որ այդ արձակուրդն էլ իր բողոքներից հետո են հատկացրել:
«Այդ տաս օրն էլ, որ տվել են ես եմ գնացել խնդրել հրամանատարին: Ասել եմ՝ արդեն 8-րդ ամսին է, որ ծառայում է: Քույրն ու ախպերները, գերությունից վերադառնալուց հետո, իրենց ախպորը չեն տեսել, թողեք էրեխուս տուն տանեմ: Դրանից հետո նոր դժվարությամբ տասը օրով արձակուրդ են տվել, որ եկել է տուն: Ես ինքս գնացել եմ, խնդրվել եմ, գրել եմ, որ եկել է տուն»,- ասում է մայրը:
Արթուրի ծողները հույս ունեն, որ պաշտպանական գերատեսչությունը հաշվի առնելով իրենց որդու ֆիզիկական և հոգեբանական վիճակը ժամանակից շուտ կզորացրեն: ՊՆ-ից, սակայն, մեր հարցին ի պատասխան հայտնում են, որ գերությունից վերադարձածներին չեն պատրաստվում ժամանակից շուտ զորացրել: Հայտնել են, որ նախարարությունում նման օրենսդրական նախաձեռնություն չկա և չի էլ քննարկվում:
Բաբայաննեը բազմանդամ ընտանիք են: Ապրում են սոցալական անմխիթար պայմաններում՝ վթարային բնակարանում: Ընտանիքում ութ երեխա կա, որից երկուսն են չափահաս: Նրանց ապրուստի միակ միջոցը նպաստն է:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: