Փետրվարի 7-ին Բաքվի գերությունից վերադարձած շարքային զինծառայող Արթուր Բաբայանը հայրենիք վերադառնալուց և 10 օր ռազմական ոստիկանությունում պահվելուց հետո, տեղափոխել են պարտադիր զինվորական ծառայության: Այս մասին forrights.am-ի հետ զրույցում նշեց զինծառայողի հայրը՝ Սեյրան Բաբայանը:

Հոր խոսքով՝ տղային փետրվարի 18-ին տեղափոխել են Ճամբարակի զորամաս: Սակայն, ընտանիքը պնդում է, որ գերությունից 20 օր առաջ վերադարձած տղան պատրաստ չէ զինվորական ծառայության՝ այն էլ դիրքերում: Նշում են, որ տղան Ադրբեջանում ֆիզիկական և հոգեբանական բռնությունների է ենթարկվել, վերականգման անհրաժեշտություն ունի: Ծնողները տղայի՝ Բաքվում անցկացրած օրերի մասին առայժմ չեն ցանկանում հրապարակման համար խոսել:

Սեյրան Բաբայանը նշում է, որ որդուն ինչ տեղափոխել են Ճամբարակի զորամաս գտնվում է բուժկետում: Հայրը մտահոգված է, եթե բուժօգնության անհրաժեշտություն կա, ինչու զինվորական հոսպիտալ չեն տեղափոխում: Ընտանիքը երաշխիքներ է պահանջում, որ իրենց որդին ծառայության ընթացքում ապահով կլինի: 

 Արթուրը վերադառնալուց հետո ընտանիքի որոշ անդամների հետ հնարավորություն է ունեցել շփվել միայն ռազմական ոստիկանության շենքում: Տուն չեն թողել գնա: Հայրը նշում է, որ որդին մինչ գերովարվելը  9 ամսվա ծառայող է եղել, բայց երբևէ արձակուրդ չի եկել:

Արթուր Բաբայանն ի սկզբանե ծառայության է մեկնել Ջերմուկում: Գերեվարվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերի ընթացքում: Ադրբեջանում գերության մեջ անցկացրել է  3 ամիս:

Արթուր Բաբայանի վերաբերյալ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն հարցեր է ուղղել ՊՆ-ին: Այն կհրապարակենք՝ ստանալուն պես:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest