«Իմ երեխուն բացակա չեմ դնում». մայրը երկու տարի պասում է անհետ կորած որդուն

263

Անդրանիկ Կամոյի Հովհաննիսյան: 25 տարեկան: Լոռու մարզ, գյուղ Եղեգնուտ: Ջեբրայիլի համար մարտերի մասնակից: Վերջին անգամ նրան տեսնող է եղել 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, Ջեբրայիլում: Արդեն մեկուկես տարի կլինի, մայրը՝ Մարինե Պողոսյանը, որդու մասին  տեղեկություն չունի: Սրբորեն հավատում է, որ որդին ողջ է: Պարզապես հնարավորություն չունի իր հետ կապվելու:  «Ապացույց չունենք, որ ինքը գերության  մեջ է: Ոչ մի «վիդեոներում» չի երևում»:

Մարինեն և ամուսինը՝ Կամո Հովհաննիսյանը դիմել են բոլոր մարմիններին: Ոչ մարմին կա, ոչ տեղեկություն: «Մայիսին մարմին կար: Դաջվածքները նմանեցրել էին: Քննչականից կանչեցին: Բայց ինքը չէր, գենետիկական հետազոտությունը ոչինչ ցույց չտվեց», — իր բառերից առաջ ընկնելով պատմում է կինը, կարծես, որ ոչ մի վարկյան հանկարծ չ կասկածենք, որ դիակը, որը տեսել է, իր Անդոյինը չէր:

Մարդ ու կին հավատում են, որ Անրանիկը Ադրբեջանում է, գերության մեջ, ու որ ադրբեջանցիները թաքցնում են նրա գերության մեջ լինելու փաստը:

Անդրանիկ Հովհաննիսյանը նկարիչ էր, էմոցիոնալ: 6-7 ամսվա ծառայող էր, երբ ընկավ Կանազի հոգեբուժարան: Աչքի առաջ զորամասում նեղացրել էին ընկերոջը, բարկացել էր, իրեր էր ջարդել:

Նրան տարան հոգեբուժարան, ապա հոգեկան խնդիրների պատճառով զորացրեցին, երրրորդ կարգի հաշմանդամություն տալով: Ահա ինչու, երբ սկսվեց պատերազմը, Անդրանիկին թույլ չտվեցին մեկնել ռազմաճակատ: «Բայց ինքը չհամակերպվեց, գնաց մեզանից թաքուն Ստեփանակերտ, գրանցվեց, գնաց Ջաբրայիլ, որտեղ թեժ մարտեր էին: Մի ամիս տեղեկություն ունեինք, հետո էլ լուր չեղավ», — հիշում է մայրը:

Անդրանիկի հայրը՝ Կամո Մանուկյանը, գտնում է, որ ինքն է մեղավոր որդու մահվան համար: «Մեղավորը ես եմ, քիրա ջան: Էնքան ասի՝ «Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ, Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ», Անդրանիկի երգից, փոքրուց մեր տանը դա է լսել, էնքան ա լսել, որ ինքն էլ էդպիսին դարձավ», — ասում է Կամոն, չի զսպում արցունքը:

Հիմա փոշմանե՞լ եք, որ էդ երգն եք երգել: «Չէ, ուղղակի ես վստահ եմ, իմ երեխեն գերի չէր հանձնվի: Նա վիրավորվել ա, ու վիրավոր վիճակում գերի ա ընկել», — ասում է հայրը:

Նա և ամուսինը ամիսներով թուղթ փող չեն տեսնում: Թոշակի տարիքի չեն հասել, բայց ունեն հողամաս: «Կարտոշկա ենք փորում, աղջիկները ալյուր, այլ մթերք են ուղարկում, ապրում ենք», — պատմում է  Մարինեն:

Բա շոր ո՞նց եք առնում: «Ինձ շոր պետք չի, մեծ եմ, շորն ի՞նչ եմ անում»:

Որդին անհետ կորածի կարգավիճակում է, եթե ճանաչվի զոհված, զինծառայողների աջակցության հիմնադրամից ահռելի գումարներ կստանա: Բայց չի ուզում: «Օգոստոսին անցյալ տարվա ինձ ասեցին՝ վերցրեք մի դիակ, գնացեք, պետությունից փող կստանաք: Բայց ինձ փող պետք չի, — ասում է, — ինձ երեխես է պետք, ես կսպասեմ, ոչինչ: Ինձ մահվան փող պետք չի»:

Մարտի 25-ին ընտանքիը երկրորդ անգամ առանց Անդրանիկի նշեց նրա ծնունդը: «Տնական թխվածք եմ թխել: էդ թխվածքը դրեցինք, ամուսնուս հետ մոլորված նստեցինք, նշեցինք»:

Մարինե Պողոսյանը պահում է որդու նկարները: Հպարտանում է, որ նկարչական ուսումնարանում է սովորել որդին: Ուրախ է, որ որդու մահը չի զգացել, հավատում է, որ նա ողջ է ու խորհրդանշական պատկերներ է գտնում որդու նկարներում: «Իմ տղան գերի ընկած, բանտում փակված տղամարդ էր միշտ նկարում: Կողքը եկեղեցի, աղջիկ, իրա սիրած աղջիկն էր, բայց նկարներում էդ աղջիկը գլուխ չուներ: Երևի, ինքը զգացել ա, ինչ ա լինելու իր հետ»:

Ի՞նձ հետաքրքիր է, ի՞նչ եք կարծում, զոհված տղաների մայրերը իզո՞ւր են գնացել վարչապետի կնոջ մոտ ուրախանալու: Մարինեն չի քննադատում մայրերին: «Ամեն մարդ իր զգացողությունն ունի, իր էությունը: Ես ո՞վ եմ, որ մեղադրեմ: Բայց մենք մի փոքր երգ ու նվագ որ լսում ենք հեռուստացույցով, հուզվում ենք, անջատում ենք: Պար գալ ո՞նց կարանք: Մենք ոչ երգ, ոչ երաժշտություն, ոչ պար, ոչ ոսկի ենք ուզում: Մենք մեր երեխուն ենք ուզում, մենք նրան բացակա չենք դնում: Ես էնքան պինդ եմ մնալու, մինչև իմ երեխային գտնեմ»: 

Սյուզան Սիմոնյան