Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու միջնրդությունը: Ազգային անվտանգության ծառայությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն մի քանի օր առաջ խուզարկություններ են իրականացրել ԱԻՆ նախարարությունում կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում:  Մեղադրանք էր առաջադրվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։

Ըստ պաշտոնական հաղորդագրության,փաստական տվյալներ են ձեռք բերվել ԱԻՆ-ում պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:

«Հիշյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ», — փոխանցում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Նախարար Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ)՞ այս հոդվածը սահմանում է մինչև 12 տարի ազատազրկում:

Եվս 8 անձի, այդ թվում` ԱԻՆ տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն հանցակցության, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և այլ հատկանիշներով։ Մեղադրյալներից  5-ի նկատմամբ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իրազեկ Քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ  Դանիել Իոննիսյանը անդրադարձել է ԱԻն նախարար Անդրանիկ Փիլոյանի 44 օրյա պատերազմին նրա մասնակցությանը, գնահատելով վերջինիս որպես ռազմական գործողությունների տապալման հեղինակի:

«Հոկտեմբերի 20-ին Տիրան Խաչատրյանի և Անդրանիկ Փիլոյանի ղեկավարած հակահարձակումն էր, որը տապալվել է և շատ ցավոտ է տապալվել։ Առաջին ժամերին այն լավ է գնացել, ցանկացած հարձակում  առաջին պահին լավ է գնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոգևորվել է, «ափալ- տափալ» երկուսին էլ հերոսի կոչում է տվել, բայց ժամեր անց այդ օպերացիան տապալվել է, հանգեցրել է հայկական կողմի զոհերի և վիճակի էլ ավելի վատթարացման»,-Forrights.am-ի հետ զրույցում հիմնավորեց Իոննիսյանը։

Ըստ Իոննիսյանի՝ պայքարը պետք է լինի բոլոր տեսակի կոռուպցիաների դեմ․

«Հիմա շատերը ասում են՝ Փիլոյանը ամենակոռումպացվածն է. ո՛չ Փիլոյանը ամենակոռումպացվածը չէր, պարզապես գեներալների մեջ Փիլոյանը ամենահամեստներից էր, բայց կոռուպցիան կոռուպցիա է»,:

Փիլոյանը նախարար է նշանակվել 2020 թվականին: Նա գեներալ մայորի կոչում ունի: Նույն թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման։

Քնարիկ Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest