Մարտի 28-29-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների պաշտպանության և անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանը, «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով ԵԱՀԿ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակության 23 կազմակերպությունների կողմից մշակված գնահատականը և պահանջները։
«2020 թվականին, ԵԱՀԿ տարածաշրջանն ականատես եղավ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին, երբ Ադրբեջանի զինված ուժերը թույլ տվեցին միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների լրջագույն խախտումներ։ Պատերազմական գործողությունները զուգորդվել են պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, խաղաղ բնակիչների, քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների ուղղակի թիրախավորմամբ, ինչը հանգեցրեց քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների կյանքի կորստի և անդառնալի վնասվածքների»,- իր խոսքում ասել է Աննա Մելիքյանը։
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչն իր ելույթում հիշեցրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից բնակելի տարածքներում կասետային զինամթերքի օգտագործման և այլ հանցագործությունների մասին։
«Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած, լավ փաստագրված պատերազմական հանցագործությունները ներառում են նաև արտադատական սպանություններ, ողջ մարդկանց գլխատումներ։ Կրկնում եմ՝ գլխատումներ մարդու ողջ լինելու ժամանակ, ԵԱՀԿ տարածաշրջանում 21-րդ դարում, խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք գերեվարված հայ քաղաքացիական բնակիչների և ռազմագերիների նկատմամբ, նրանց բռնի անհետացում, ինչպես նաև մահացածների մարմինների խեղում, որն ուղեկցվում էր ծայրահեղ ատելության խոսքով և էթնիկ հայերի նկատմամբ դրսևորված ատելությամբ։ Առնվազն 38 խաղաղ բնակիչ, ովքեր ժամանակին չեն հասցրել լքել իրենց տները՝ տարեց մարդիկ, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք, դիտավորյալ սպանվել են, մահապատժի են ենթարկվել ադրբեջանցիների հսկողության ներքո հայտնվելուց հետո», – շեշտել է Աննա Մելիքյանը։
Նա հրավիրել է ԵԱՀԿ-ի ուշադրությունն այն փաստի վրա, որ մինչ օրս միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների վերոհիշյալ խախտումները մնում են չպատժված։ «Պետք է ընդգծել, որ այս իրադարձությունների ողջ ընթացքում համապատասխան միջազգային կազմակերպությունները չեն դատապարտել Ադրբեջանի կողմից սպառնալիքներն ու ուժի կիրառումը, չնայած բոլոր ապացույցներին՝ աչք փակելով մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա։
Փոխարենը՝ չեզոք հայտարարություններ են տարածվել՝ երկու կողմերին կոչ անելով դրսևորել զսպվածություն, ինչը միայն խթանել է Ադրբեջանի գործողությունները: 2020թ․ նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը ստորագրելուց հետո սպանվել և վիրավորվել են հայ խաղաղ բնակիչներ: Ադրբեջանն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ահաբեկման քաղաքականություն՝ էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով»,- նշել է Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչը։
Աննա Մելիքյանը նաև ներկաների ուշադրությունն է հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։ «Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 000 բնակչի գազամատակարարումը շաբաթներով դադարեցվել է, իսկ ջերմաստիճանը զրոյից ցածր է եղել։ Մինչ մենք խոսում ենք, խախտումները շարունակվում են», – 23 կազմակերպությունների անունից իր ելույթը եզրափակելով՝ ասել է Աննա Մելիքյանը։
ԵԱՀԿ-ին հասցեագրված հայտարարության մեջ Հայաստանի քաղհասարակության 23 կազմակերպությունները պահանջել են ԵԱՀԿ-ից խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումները, Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը։ Բացի այդ, կազմակերպությունները հորդորել են ԵԱՀԿ-ին Ադրբեջանին վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցություններին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Կարևոր պահանջներից է նաև միջազգային կառույցների, մասնավորապես ԵՄ-ի և ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, աջակցել մարդու իրավունքների մշտադիտարկման առաքելության տեղակայմանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, ինչը կարող է նպաստել տեղում իրավիճակի կայունացմանը և սահմանազատման աշխատանքների համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը։ Նաև կարևորվել է, որ ԵԱՀԿ-ն անհետաձգելի միջոցներ ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի համար միջազգային իրավական երկարաժամկետ մանդատի ընդունման ուղղությամբ՝ այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Ինչպես նաև պանաջ է ներկայացվել ԵԱՀԿ-ին Ադրբեջանի վրա ճնշում գործադրել հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման համար։
Հայտարարությունը ստորագրել են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը, Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ, Կանանց աջակցման կենտրոնը, Փինք իրավապաշտպան ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան, Գորիսի մամուլի ակումբը, Կանանց ռեսուրսային կենտրոնը և «Թումանյան» փաստաբանական գրասենյակը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: