«Երեխաներս վախենում են գնալ դպրոց». Ի՞նչ իրավիճակ է Արցախում

298

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը կիսադատարկ է: Գյուղում գրեթե շարժ չկա: Կանայք, երեխաները և ծերերը հեռացել են գյուղից՝ բնակություն են հաստատելով Արցախի համեմատաբար ապահով բնակավայրերում: Խրամորթում կյանքը վտանագավոր է դարձել մարտի 24-ից սկսած, երբ, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմը, ներխուժել է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի: Այդ օրը թշնամական պետությունը բռնազավթեց նաև գյուղի հարևանությամբ գտնվող Քարագլուխ բարձունքն՝ նշանառության տակ վերցնելով Խրամորթը, Իավնյանն ու անգամ Ասկերան քաղաքը:

Խրամորթն ամենամոտն է Քարագլուխ բարձունքին: Գյուղը տեսանելի է բոլոր կողմերից: Փառուխ ներխուժումն էլ եղել է պատճառ, որ գյուղի կանանց և երեխաներին տեղափոխեն անվտանգ բնակավայրեր: Գյուղում միայն տղամարդիկ են, ձևավորվել է ինքնապաշտպանական ջոկատ և իրականացվում է Խրամորթի պաշտպանությունը: Նրանք լրատվամիջոցների հետ չեն շփվում: Բանկիչներից մեկը, որն այդ պահին (մեր գյուղում գտնվելու ընթացքում,-հեղ) կնոջ և երեխաների համար նախատեսված անհրաժեշտ իրերն էր տեղափոխում նշեց, որ թշնամին վերջին անգամ գյուղը հրետանակոծել է մարտի առաջին տասնօրյակում: Մինչ այդ, սակայն, հնչեցրել են գյուղը լքելու սպառնալիքներ:

Արցախի մարդու իրավունքերի պաշտպանը նշում է՝ Ադրբեջանը կաթվածահար է անում նշյալ բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքի ընթացքը: ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանն Աշխարհի կողմից պետք է աննախադեպ պատժամիջոցների ենթարկվի:

Հայկական կողմը այս ներխուժման հետևանքով ունեցավ երեք զոհ և 15 վիրավոր: Այժմ հակասական տեղեկություններ կան, թե ում վերահսկողության տակ է  գտնվում Փառուխ գյուղը:  Ռուսաստանը բարձր մակարդակով՝ Պաշտպանության նախարարության միջոցով հայտնում է, որ գյուղից ադրբեջանական զինուժը դուրս է եկել: Իսկ ահա Բաքուն այլ բան է հայտնում, որ զորքերի տեղաշարժ չի եղել: Խրամորթում նշում են, որ ադրբեջանական զինուժը Քարագլուխ բարձունքում է:

Այս օրերին միակ դրական փոփոխությունն այն է, որ Ադրբեջանը, որն արհեստական խոչընդոտներ էր ստեղծում Արցախի գազամատակարարման համար, վերացրել է: Հայաստանից գազն անարգել հասնում է Արցախ: Մինչ այդ Արցախում հումանիտար աղետ էր: Բնակիչները զրկված էին տները ջեռուցելու և կենցաղային այլ կարիքները հոգալու հնարավորությունից: Գազի այլընտրանքը էլեկտրաէներգիան է, բայց Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր պարբերաբար հոսանքազրկվում են:

Ստեփանակերտում քաղաքացիները մեզ հետ զրույցում միայն խաղաղություն են ուզում՝ շեշտելով, որ կապրեն թեկուզ առանց գազի, լուսի և անգամ ջրի: Այդքան բաղձալի խաղաղությունը, սակայն, ըստ բնակիչների, տեսանելի չէ:

«Ստեղծված իրավիճակն անհանգստացնում է, երեխաներս վախենում են գնալ դպրոց: Չգիտեմ, թե ինչ կլինի, չեմ պատկերացնում»,- ասում է Արցախի բնակիչը:

Ստեփանակերտցիներից մեկն էլ անհնգստացած է, որ գյուղ առ գյուղ իր հայրենիքը թշնամուն է հանձնվում:

«Վատ եմ վերաբերվում, որ ադրբեջանցիները ներխուժել են հայկական գյուղ, մեր հայրենիքը մաս մաս վերցնում են»,- ասում է նա:

44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգությունը երաշխավորում են ռուս խաղաղապահները: Ստեփանակերտում հարց են հնչեցնում՝ ինչպես ստացվեց, որ ադրբեջանցիները գրավեցին նրանց վերահսկողոթւյան տակ գտնվող գյուղը:

«Ռուսների միջոցով պետք է տեղահան անեն նրանց գյուղից, բայց չեն անում: Հրամանը վերևից է, ռուսները կանգնել են,  թողել են անցնեն»,- ասում է մի քաղաքացի:

Նարեկ Կիրակոսյան