« Ես ձեզ շնորհակալագիր չէի տվել, որ հիմա ինձ սա եք տալիս, ես ձեզ թագավոր տղա էի տվել»

246

Եղբայրներ Ռուբենն ու Ռոմանը միասին էին ծառայում Արցախում: Եւ եղբայրները եւ ծնողները վստահ էին, որ ծառայությունը հանգիստ կընթանա եւ նրանք միասին տուն կվերադառնան: 44-օրյա պատերազմը, սակայն, թույլ չտվեց, որ սպասելիքներն իրականան:

Տղաների մայրը` Գոհար Հովակիմյանը պատմում է. «Տղաներս Արցախի Դրմբոնում էին ծառայում: Պատերազմի ժամանակ տեղաոխվել էին Թալիշ: Տարբեր մեքենաներով են տեղափոխվել: Ռոմանս մի քիչ ավելի շուտ էր հասել… ես առավոտյան հեռախոսով իմացա, որ պատերազմ է սկսել: Խնայեցի էրեխեքին, չուզեցա ցույց տամ, որ գիտեմ, իրանք էլ մեզ խնայեցին ու խաբեցին: Սկզբից մեծս զանգեց, թե մամ ջան, գնում ենք զորավարժությունների, Ռոմանին հարմար չի հիմա, ընթացքում կզանգի, կխոսաք: Ցերեկը 12:20 Ռոմանս զանգեց, ասեց` մամ ջան, գնում ենք մարտավարական դասերի, կապերը լավ չի, կարող ա… ու բառը էրեխու բերանի մեջ մնաց: Դա էր վերջին զանգը, էլ ձայնը չենք լսել… Մի քանի օր տղաներից լուր չունեինք: Տատիկը հաց թխեց, ասեց` ամբողջ թաղով բաժանեմ: Պապան բաժանեց հացը ու Ռուբենս զանգեց, մտածեցինք, որ Ռոմանն էլ կզանգի, բայց զանգ չկար: Այդ ժամանակ Ռուբենն իմացել էր արդեն եղբոր մասին, բայց ոչ մեկին չէր կարողացել ասեր այդ լուրը»:

Որդու զոհվելու մասին ծնողները իմացել են հեռուստատացույցով զոհվածների ցուցակները ընթերցելիս: Ամիսներ անց միայն  տղաներրի ջոկի հրամանատարը նրանց ասել է, որ Ռոմանը զոհվել էր Թալիշում` թիկունքից ստացած վնասվածքից: Ռոմանի աճյունը ծնողներին է հանձնվել  2020թ-ի փետրվարի 17-ին` ԴՆԹ հետազոտություն իրականացնելուց հետո:

Մինչ Ռոմանին հայտնաբերելը, հարազատները ամբողջ Հայաստանով ու Արցախով փորձել են որեւէ լուր իմանան նրա մասին, սակայն որեւէ բան պարզել չի հաջողվել: Հոկտեմբերի 21- ին հայրը` Արմեն Փոթոյանը կյանքը վտանգելով մենել է Թալիշ` ողջ մնացած որդուն` Ռուբենին տուն վերադարձնելու:

«Ես անձամբ գնացել հասել եմ Դրմբոն: Քելբաջարի հին ճանապարհներով գնացինք, մի կերպ գիշերվա ժամը երեքին հասանք: Իմ ապրելու իմաստը իմ էրեխեքն էինք, որ իմ տղան էլ չկար, ես ինչից պետք է վախենայի»,- ասում է տղաների հայրը: Նա պատմում է, որ երբ որդիների զորամասի շտաբի պետն իրեն տեսնելով գունատվել է, ապա ներս է կանչել ու զոհված որդու` Ռոմանի անունով շնորհակալագիր է հանձնել հորը: «Այս շնորհակալագիրը տվեցին: Ասեցի` ես ձեզ շնորհակալագիր չէի տվել, որ հիմա ինձ սա եք տալիս, ես ձեզ թագավոր տղա էի տվել, եկել եմ իմ էրեխեքի հետեւից: Ասեց` բա տասը օրով Ռուբենին օտպուսկ կտանք, ես էլ իրան ասեցի` մոռացի, Ռուբեը էլ չի գալու, նրա գործերով արդեն զբաղվում են, որ ինքը ծառայությունից ազատվի»,- մեզ պատմեց Արմեն Փոթոյանը:

Նրա խոսքով, տեղի ունեցած պատերազմն ու զոհերը կարող էին չլիներ, եթե ժամանակին ճիշտ որոշումներ կայացվեյին .«Մեր ազգից ունենք երեք զոհ, մեկ վիրավոր, մեկ հոգին է վերադարձել: Եթե պետք է այդ հողերը տայիք, ինչո ՞ւ տարանք էրեխեքին մսաղացի բերանը: Իմաստ չուներ դա, եթե տալու էիք, տաիք, էրեխեքից որեւէ մեկին որեւէ բան չէր լինի: Դա ղեկավարության կռիվն էր, էրեխեքի կռիվը չէր»:

Նշենք, որ Փոթոյանների ընտանիքին ապրիլ ամսվա ընթացքում վերջապես ուրախ իրադարձություն է սպասում: Տիկին Գոհարը սպասում է դստեր ծնվելուն: Ծնողները որոշել են փոքրիկի անունը՝ Ռոմանա:

Անի Գևորգյան