Ստեփանակերտի  մանկապարտեզներում տեղահանվածների երեխաները խմբավորված են ըստ հայրենի բնակավայրերի, որոնք նրանք լքել են: Կա Հադրութի երեխաների մանկապարեզ, Շուշիի երեխաների:

Արցախը սնող գազատարի վթարներից հետո Ստեփանակերտում ցրտի պատճառով մանկապարտեզները փակել են: Իսկ փակ մանկապարտեզը աղետ  է արցախցի կանանց համար, քանի որ տունը նստելով, երեխա պահելով նրանք կարող են կորցնել աշխատանքը: Ստեփանակերտում առանց այդ էլ գործ չկա, և եղածը կորցնելով, ծնողները զրկվում են ապրուստի միջոցից:

«Ես աշխատանքի տեղն էի, մանկապարտեզի տնօրենը զանգեց, ասեց, որ աղջիկս լաց է լինում անընդհատ: Գնացի, տեսա՝ ձեռքերը սառույց են: Տարա տուն, տաքացրեցի մի կերպ» — պատմում է Մարինե Զ-ն: 

Ասում է, որ Շուշիի երեխաների մանկապարտեզը բազմահարկ շենքի նկուղային հարկում է: Ծնողները դիմել են տնօրենին, ստացել են պատասխան. «Մանկապարտեզը միջոցներ չունի, փող հավաքեք, ջեռուցիչներ  գնեք, բերեք»:

Ծնողները և մանկապարտեզի սդաստիարակները նամակներ են գրում Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանին, խնդրում են ջեռուցիչներ տրամադրել մանկապարտեզներին:

«Հարգելի Արտակ Բեգլարյան, խնդրում եմ ձեզ, ուշադրություն դարձրեք Շուշիի երեխաներին, որպեսզի մանկապարտեզում տաքացնեն խումբը: Շատ ցուրտ է, և մեր՝ ծնողների, բերած տաքացուցիչները չեն ապահովում անհրաժեշտ ջերմաստիճանը: Երեխաները մրսում են, ստիպված տուն ենք տանում: Բայց շատերը աշխատում են, երեխաներին տուն տանելը միշտ չի ստացվում: Իսկ մանկապարտեզը օգնում է ծնողներին, որոնք փորձում են գոյատևել այս բարդ իրավիճակում: Խնդրում եմ՝ օգնեք Շուշիի երեխաներին, որոնք առանց այդ էլ շատ են տառապել, կորցրել են հարազատ տունը», — գրել է ծնողներից մեկը Արտակ Բեգլարյանին և սպասել է շաբաթներ:

Իսկ մանկապարտեզի դաստիարակչուհին կրկին նամակով՝ հայտնել է կառավարությանը, որ երեխաների ծնողները հերթով տանից «պլիտա» են բերում մանկապարտեզ ու երեկոյան էլի տուն տանում։ Նրանք փախստականներ են, և ավելորդ տաքացուցիչ չունեն, որ թողնեն մանկապարտեզում։ «Այսքան ժամանակ տաքացուցիչ բերել է Էթերին, ու էլի հետ տարել, քանի որ իրենց նույնպես անհրաժեշտ է տաքանալու համար, Էթերին չի գալիս մանկապարտեզ։ Տաքացուցիչն այսօր բերել է Մելինեն ու պետք է ամեն օր առավոտը բերի ու հետ տանի՝ հասկանալի պատճառներով։ Հարկավոր է մեկ-երկու տաքացուցիչ մինչև օրվա վերջ, որ առավոտ շատ շուտ միացնեն, որպեսզի տաքանա սենյակը, որ վաղը մանկապարտեզի խումբը կարողանա գործել», — գրում է դաստիարակը ու ուղարկում Արցախի կառավարության անդամներին։

Այսպես, հասարակ տաքացուցիչը, որը Երևանում առավելագույնը՝ 10000 դրամ է, Արցախում շքեղության առարկա է։

Մենք ևս դիմեցինք Արցախի վարչապետին, հարցրեցինք, թե ինչու չի պատասխանում շուշեցիների նամակներին և արդյո՞ք դժվար է Արցախի իշխանությունների համար մի հասարակ օդորակիչ գնել մանկապարտեզի համար:

«Ի՞նչ եք կարծում, եթե այդ նամակը տեսած լինեի, հարցը չէի՞ լուծի:  Իսկ այդ խնդիրը պետք էր ուղղակի տնօրենի միջոցով հասցնել լիազոր մարմիններին ու լուծել, որը չի արվել: Հաշվի առեք, որ այս ընթացքում բազմաթիվ տեղերում են նման խնդիրներ եղել և տարբեր ձևերով հարցը լուծվել է, չեմ բացառում, որ որոշ տեղերում էլ կիսատ լուծում է տրվել», —  պատասխանեց Բեգլարյանը Forrights.am-ին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին ևս դիմեցինք: Նա մեզ պատասխանեց, որ ծնողները պետք է դիմեն քաղաքապետարան: «Քաղաքապետարան պիտի դիմեին, եթե այդպիսի  խնդիր է ծագել։  Ստեփանակերտի քաղաքապետարան, կամ գոնե Կրթության նախարարություն: Գազի պատճառով  իմ երեխաների խմբերում էլ նման խնդիրներ կան։ Ծնողները տանից ջեռուցիչ են տարել, մինչև գազամատակարարման վերականգնումը», — ասաց նա:

Նախագահի աշխատակազի ներկայացուցիչը ճշտում է՝ Շուշիի երեխաների մանկապարտեզը ոչ թե նկուղային  հարկում է, այլ ցածր առաջին. «Բնակելիի առաջին հարկ է։ Տեղը արևկող չէ։ Այդ ամենը հասկանալով` նաև հրահանգ կա, որ գոնե պետական կառույցներում աշխատողների համար տանը մնալու հնարավորություն ստեղծվի։ Հերթափոխով էին աշխատում և էլ էներգիան խնայելու և ծագած նման հարցերը ավելի հեշտ կարգավորելու համար»։

Լուսինե Ավանեսյանը խոստացավ, որ կդիմի վարչապետին, որ օգնեն խնդրի լուծմանը:

Կարծում էինք, որ այսչափ բարձր խոստումներից հետո կգտնեն մանկապարտեզը տաքացնելու համար մեկ-երկու ջեռուցիչ սարքավորում: Այսօր սակայն տեղեկացանք, որ մարմինները ոչինչ էլ չեն արել: Շուշիի երեխաների մանկապարտեզը, ինչպես քաղաքի բոլոր մյուս մանկապարտեզները փակ են: «Ես իմ երեխային տարա վճարովի  մանկապարտեզ: Մի կերպ գոյատևում ենք: Մյուս մանկապարտեզները փակ են», — երեկ մեզ ասաց բուժաշխատող Մարինե Զ-ն:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest