Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ մարտի 22-ին հրավիրված զեկույցի ընթացքում, անհետ կորած անձանց և գերիների հարազատները բարձրաձայնեցին իրենց խնդիրները, հանդես եկան նաև առաջարկություններով։ Գրասենյակը 2020թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ժամանակահատվածում իրականացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների, նրանց ընտանիքների խնդիրների հետազոտում։
Միջոցառմանը հրավիրված էին պետական մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներ, ովքեր ներկայացրին իրենց խնդիրները։
Անհայտ կորած անձի հարազատներից մեկը՝ Գոռը, կարևորեց միջազգային կառույցների դերը՝ նշելով, որ Հայաստանը զոհ է արտաքին քաղաքականությանը։ Վերջինս մատնանշեց մարդու իրավունքներին վերաբերող Ժնևյան 39-րդ կետը և որ գոյություն ունեն օրենքներ, ու այդ օրենքներին բոլոր երկրները պետք է ենթարկվեն․
«Պատերազմը մեր ընտանիքների համար դեռ չի վերջացել, մեզ համար այն դեռ շարունակվում է։ Ազգային աղետ է սա։ Սոցիալապես անապահով ընտանիքներն են միայն տուժում։ Սա դարերով եկած բան է, բայց այս երկրում վերջ պիտի դնենք սրան։ Այս ընտանիքները վաղը չեն տալու՞ նորից այդ զինվորին։ Թշնամին գործում է շատ գրագետ։ Հայաստանում կոնկրետ հիբրիդային պատերազմ է, այսօր մեր ընտանիքները ամեն վայրկյան պատերազմի մեջ են»,-հանդիպմանը ասաց Գոռը։
Վերջինս կոչ էր անում գործուն քայլերին՝ դժգոհելով, որ արդեն մեկ ու կես տարի է անցել, բայց միջազգային ատյանները լռում են։ Միևնույն ժամանակ, թեպետ պետությունը ուշանում է, իրենք ամուր են ու ավելի են ամրանալու․
«Մենք վաղուց ենք ուշացել։ Ես շատ եմ ուզում, որ ոչ մեկի մոտ խղճահարություն չառաջանա, ես չեմ ուզում՝ որևէ մեկը խղճա մեզ։ Ես պատրաստ եմ անձնազոհ լինել այս գործին։ Միայն մեր ընտանիքները չէ, որ պետք է պայքարեն․ ազգը պետք է պայքարի»,-ավելացրեց նա։
Անհետ կորած Գևորգյան Հայրապետի կինը համաձայն չէ, որ միայն միջազգային կառույցներն են պատասխանատու․ ըստ նրա՝ պատասխանատուն հենց կառավարությունն է ու բոլոր այն կառույցները, ովքեր «այդ մեծ շենքերում նստած են»․
«Առաջին խնդիրն է, որ Ազգային ժողովից սկսած այն կառույցներին, որտեղ դիմել ենք, չեն հասկացել, թե ինչի համար են այդ աթոռներին նստած։ Իրենք «գեղարվեստորեն չալող» են եղել, չեն էլ հասկացել՝ ինչի համար են իրենք այնտեղ նստած։ Առաջ ես մտածում էի՝ իրենց կարող են ինչ-որ մի բան անել, բայց հասկացա, որ ի վիճակի չեն ինչ-որ բան անելու, որովհետև դրան ունակ չեն։ Մյուս անհայտ կորած անձանց կանանց ինձնով չչափեք, որովհետև շատերը իմ կամքը չեն ունեցել։ Ոչ մեկին հաճելի չի դառնալ տղամարդ-կին, ոչ մեկին հաճելի չի առյուծի հոգի ձեռք բերել։ Կինը, ամեն դեպքում, ուզում է կին մնալ»,-ասաց նա։
Կնոջ խոսքով՝ խնդիր են ունեցել նաև հասարակության հետ, երբ մարդիկ ասել են՝ «ձեր դարդը թողած ընկել եք ինչի հետևից»։ Ըստ նրա՝ դա է իրենց խնդիրը․ երբ երեխան հարցնում է՝ պապան ե՞րբ է գալու, նա չի կարող հանգիստ նստել։ Նա չի կարող ամբողջ օրը դատարաններ գնալ, չաշխատել, երեխային թողնել «սրա նրա հույսին, որ հարց լուծի»․
«Բա պետությունը ի՞նչ պետք է անի իմ համար։ Ասենք ես էլ չեմ կարողանում գալ, ո՛չ ուժս է ներում, ո՛չ գիտելիքս, ոչ էլ առողջությունս։ Առողջության մասին խոսք չեղավ, որովհետև չունեմ։ Պաշտպանության նախարարությունում բոլորը բախտի բերմամբ հայտնված մարդիկ են։ Չեմ խոսում այն քիչ մասսայի մասին, որոնք իրոք գիտելիքի տեր, անձնային առանձնահատկությունների տեր մարդիկ են, ու այդտեղ իրենք լուռ են, մեծամասնության մեջ չէին երևում ՝ նույնիսկ»,-նշեց նա։
Ադրբեջանում պահվող գերիներից մեկի կինը, ով անընդհատ կապի մեջ է կազմակերպության հետ և կարողանում է ամիսը մեկ անգամ կապվել ամուսնու հետ, հակառակ կարծիքն ուներ։ Նրա ամուսնուն ու ընկերոջը, ովքեր քաղաքացիական անձինք են, առևանգվել են նոյեմբերի 11-ին հումանիտար օգնություն տանելու ճանապարհին։
Վերջինս դիմում էր միջազգային կառույցներին՝ հույսը կապելով միայն նրանց հետ․
«Անհիմն դատավարություններ է այնտեղ տեղի ունեցել, իմ ամուսնուն ու ընկերոջը 15 տարի ազատազրկման են դատապարտել՝ անհիմն լրտեսության հոդվածով։ Բոլորը գիտեն, որ նրանք քաղաքացիական անձինք են, բայց չեն փոխանակում։ Մենք արդեն ռուսական կողմից չունենք հույս, քանի որ նրանք ոչ մի հանդիպմանը չեն գնացել։ Ոչ մեկ մեզ հետ չի հանդիպել այսքան ժամանակ։ Կառավարությունից էլ այդքան հույս չունենք, որովհետև ոնց հասկանում ենք չունեն այդքան կարողություն։ Հիմա մեր հույսը միջազգային կառույցներն են»,-եզրափակեց նա։
Քնարիկ Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: