Զանգահարել է մորը և ասել.«Մամ, ես հետ չեմ գալու»

419

18-ամյա Արսեն Սարգսյանը մեծացել էր առանց հայր: Բանակ մեկնելիս նա մորը խոստացել էր` վերադառնալուն պես իրենց կյանքում եղած դժվարությունները վերջապես մնալու են անցյալում:  2020-ի հեկտոմբերի 19- ին, սակայն, նա զանգահարել է մորը եւ ասել. «Մամ, ես հետ չեմ գալու»:

Ժամկետային զինծառայողը բանակ էր զորակոչվել Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքից: Վաղ տարիքից նա աշխատում էր, մայրն ասում է, «տան տղամարդն էր»:

 «Մեքենաների նորոգմամբ էր զբաղվում, նաեւ ավտոլվացման կետում: Վարձով էինք ապրում: Իմ տղան էր ինձ պահում: Ասում էի` աշխատեմ, բայց ինձ չէր թողնում: Ասում էր` չէ, մամ ջան, ես հլը մեռած չեմ, որ դու աշխատես»,- պատմում է մայրը` Տիկուշ Սարգսյանը: Նա իր տունը չունի, այժմ աշխատում է Սեւանում գտնվող փոքր ֆերմայում, այնտեղ էլ նրան ժամանակավոր մի սենյակ են տրամադրել, որտեղ էլ ապրում է:

Ասում է` պետության կողմից որդու զոհվելու գումարները ստացել է, սակայն ամբողջը ծախսում է որդու գերեզմանը բարեկարգելու վրա.

 «Դա իմ երեխայի գումարն է, եթե ես ինչ-որ բան վերցնեմ, կստացվի, որ ես իմ երեխային ծախում եմ: Չեմ ուզում: Ամեն ամիս էլ բանկում գումար է գալիս, ձեռքս չի գնում, որ դա էլ հանեմ: Ոնց որ ես իմ երեխային վաճառած լինեմ… մինչեւ հիմա չեմ հավատում, որ տղայիս հետ այդ դեպքն  եղել, մինչեւ հիմա սպասում եմ… եթե հորեղբայրս չլիներ, ես հիմա խենթացած կլինեյի»:

Արսեն Սարգսյանը ծառայում էր Ջաբրայիլում: Հայտնի է, որ նա երեք անգամ հայտնվել է շրջափակման մեջ եւ ամեն անգամ հրաշքով է կարողացել դուրս պրծնել ու ողջ մնալ: Չորրորդ անգամը, սակայն, եղել է ճակատագրականը: Ողջ մնացած ծառայակիցը պատմել է, որ Արսենը զոհվել է ԱԹՍ հարվածի հետեւանքով, երբ փորձել է օգնել վիրավորում ստացած ընկերոջը:

Տիկուշ Սարգսյանը որդուց մեկ ամիս լուր չի ունեցել, որեւէ պետական կառույց չի կարողացել հերքել կամ հաստատել նրա ողջ լինելը: Արդեն մեկ ամիսը լրանալուն պես, երբ նա շրջել է դիահերձարաններում, զոհվածների լուսանկարներից մեկի մեջ ճանաչել է որդուն եւ ուշագնաց է եղել:

Զոհված զինվորի մայրն ասում է, որ արդեն հայտնաբերել էր Արսենին, երբ հեռուստատեսությամբ հրապարակվող ցուցակներում տեսել է նրա անունը:

«Սա անբուժելի ցավ է: Իրոք, ես կուզեի իր տեղը լինել: Բայց ճար չունեմ: Չգիտեմ… Անհետ մեծացած երեխաս: Անտերի պես պահեցի, մեծացրեցի, տվեցի թուրքին…»,- ասում է Տիկուշ Սարգսյանը:

Հեղինակ՝ Անի Գևորգյան