Ակնհայտ է, որ գազատարի իբր վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, այն ժամանակ էլ դադարեցնեն Արցախի գազամատակարարումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արման Թաթոյանը։

«Սա դիտավորյալ արարք է, որ առաջացնում է հումանիտար լուրջ խնդիրներ ու իրավունքների զանգվածային խախտումներ, ցուրտ եղանակին առանց ջեռուցման ու տաք ջրի է թողնում Արցախի 100,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ:

Բայց սա այն է, ինչ իրականում կա, արտահայտում է ադրբեջանական իրական մտադրությունները՝ ցեղասպան քաղաքականությունը:

Ապացույցներով ու փաստերով այդքան զգուշացնում եմ, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները փոքր-ինչ անգամ չեն նվազեցրել  հայատյացությունն ու թշնամանքը:

Դա չի էլ լինելու, քանի որ նրանց համար դա քաղաքական կյանքի աղբյուր է, արտաքին թշնամու կերպարով ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու ու իշխանությունը պահպանելու միջոց:

Պարզ չէ՞, որ խաղաղության մասին ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, դրանք պարզապես շղարշ են արտաքին աշխարհի համար»,-գրել է նա:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest