«Արմավիր» ՔԿՀ-ում տեղադրվող անվտանգության նոր տեսախցիկները կփոխե՞ն իրավիճակը

89

Վերջին 5 տարիներին Հայաստանում դատապարտյալների թիվը նվազել է շուրջ 3000-ով, սակայն դիտորդական խմբի տվյալներով, կայուն է մնում բանտերում հացադուլ հայտարարողների թիվը։ Վերջին տվյալները 2020-ին են՝ 601 մարդ։

2019-ին քրեակատարողական հիմնարկներում մահվան 21 դեպք է արձանագրվել։ Դրանից հետո մենամեծ թիվը նախորդ տարվանն էր՝ 13 դեպք։

Ըստ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ բանտերում սպանության, ինքնասպանության, խաղամոլության և մի շարք այլ ապօրինությունների թիվը օնլայն ռեժիմով հսկողության շնորհիվ կնվազի.

«Ապօրինությունների շրջանառությունը, դա կլինի թմրանյութ, թե կլինի խաղեր, թե կլինի ճնշումներ, այդ տեսակ շրջանառությունները լինում են մի խցից մյուս խուց գնալու ճանապարհին։ Այս համակարգը դադարեցրել է մեր քրեակատարողական ամենամեծ հիմնարկի կուրությունը, այսուհետ մեր օպերատիվ ծառայությունը կունենա ավելի լայն հնարավորություններ հետևելու, թե ինչ շրջանառություն է տեղի ունենում,-ասել է նախարարը։

Հելսինկյան ասոցացիայի նախագահ Նինա Կարապետյանցը կարծում է՝ տեսախցիկները, միևնույն է, ամբողջ դաշտը չեն ծածկելու։ Կարևոր է պահպանման խնդիրը, այն է՝ տեսանյութերը պետք է պատշաճ կերպով պահպանվեն և շատ պատահական հանցագործությունների օրերին ու ժամերին չկորչեն․

«Տեսախցիկները կարևոր գործիք են, ու գոնե հանցագործությունների, չարաշահումների մի հատվածը հնարավոր կլինի ֆիքսել, բայց կա մի հատված, որտեղ աշխատակիցները տեսախցիկների հայացքից հեռու մնալու համար շատ լավ գիտեն, թե որտեղ է տեղակայվել։ Այնպես որ տեսախցիկները, միևնույն է, ամբողջ դաշտը չեն ծածկելու»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Կարապետյանցը։

Բանտերը դիտարկող հասարակական խմբի անդամներն ասում են՝ տեխնիկական վերազինումը կարևոր է, բայց առավել կարևոր են մահվան դեպքերով քրեական գործերի խորությամբ ուսումնասիրումը, ծառայողական քննությունները, որ աշխատակիցների ապօրինություններն էլ աչքաթող չարվեն։

Բանտում կախված 41-ամյա դատապարտյալի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Հելսինկյան ասոցացիայի նախագահը վստահ չէ, որ այդ դեպքերի մի մասը, եթե ոչ մեծ մասը, ապա գոնե կեսը բուն ինքնասպանություններ են, անգամ ինքնասպանության հասցնել չեն։

«Մի մասի խնդիրը, որը իրոք ինքնասպանություն է, պահման պայմաններն են, հետո՝ քրեական բարքերը, որոնք տիրում են ՔԿՀ-ներում։ Ինչքան էլ նախարարները իրար փոխարինելով պնդեն, որ քրեական էլեմենտներ այլևս չկան, դա ուղղակի ծիծաղելի է։ Հիմնականում պահման պայմաններն են և քրեական էլեմետները, որոնք մարդկանց այլընտրանք չեն թողնում։ Բայց մեծ մասը իմ խորին համոզմամբ և այն իրավապաշտպանների, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են այս գործերով կհաստատեն, որ առնվազն մեկ կասկած ունեն ինքնասպանության»,-մեզ հետ զրույցում ասաց նա։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած դատապարտյալները պահվում են անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պայմաններում։ Օրերս  այս մասին հայտարարեց դիտորդական խումբը և լուսանկարներ հրապարակեց։

Արդարադատության նախարարն այս առիթով ասել է՝ դրանք իրենց այսօրվա հնարավորություններն են․

«Մենք գիտենք, թե ինչ անմխիթար վիճակ է Նուբարաշենում։ Այս հարցը ևս մեկ անգամ հիմնավորում է, թե ինչու պետությունը պիտի շուտափույթ մեծ ծախս անի, կառուցի նորը։ Էնպես չի, որ մեր քրեակատարողական համակարգի ղեկավարները շատ ուրախությամբ են էդտեղ մեկուսացնում, կամ էդտեղ տրամադրում, մենք դրա համար ենք ուզում, որ էդ բոլոր ամոթալի տեղերը փակվեն, դրա փոխարեն լինի գոնե Արմավիրի չափ կահավորված և վերանորոգված մի տարածք, չասեմ որ շատ ավելի լավը, որը հիմա մենք նախատեսում ենք»,- ասել է Անդրեասյանը։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ Արդարադատության նախարարությունը  կարող է գտնել պայմաններ, բայց եթե չափից դուրս տարբերվող պայմաններ լինեն ՔԿՀ-ների հիմնական մասում և հացադուլ հայտարարածների տարածքում, ապա նախարարությունը մտավախություն ունի, որ բոլորը կգնան հացադուլ անելու․

«Իրենք ուղղակի լավ չեն պատկերացնում․մարդիկ սոված մնան, որ գնան լավ պայմաններում ապրելու՞։ Ես ուզում եմ հարցնել՝ փորձե՞լ են իրենք սոված մնալ շաբաթներ շարունակ ու ապրել շատ լավ պայմաններում։ Իրականում հարցի լուծում չի։ Հացադուլ անել ավելի լավ պայմաններում ապրելու համար, սա բացատրություն չի։ Առնվազն նրանց համար մարդկային պայմաննեեր ստեղծելու հնարավորություն և ֆինանսավորում պետք է գտնել, որովհետև նրանք կրկնակի խոցելի խումբ են»,-մեզ հետ զրույցում ասաց Կարապետյանցը։

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ առաջիկա 1-2 տարիների ընթացքում երևանյան 4 բանտերը կտեղափոխվեն նորակառույց մեծ շենք, կուժեղացվի անվտանգության համակարգը, տեսանկարահանման նոր սարքեր կտեղադրվեն, որպեսզի իրավիճակն առավել վերահսկելի դառնա։