ՄԻՊ աթոռը զբաղեցնող գործիչը նախ և առաջ պետք է անհատականություն լինի, սկզբունքային իր դիրքորոշումներում, այնինչ  Քրիստինե Գրիգորյանի դիրքորոշումը ծանր վիրավորանքի  քրեականացման հարցում հակասական է:

Օրերս, լրագրողների հարցերին պատասխանելիս, նա ասաց, որ չի պատրաստվում հետ վերցնել դեռևս նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ՍԴ ներկայացված դիմումը, որով նա վիճարկում է քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի՝ «Ծանր վիրավորանք հասցնելը», սահմանադրականության  հարցը: Ինչպես հիշում ենք, հենց Քրիստինե Գրիգորյանն էր ժամանակին ներկայացրել կառավարության դրական դիրքորոշումը այդ հոդվածի վերաբերյալ:

Սահմանադրական դատարանը ՄԻՊ դիմումը պատրաստվում է  քննել մարտի 22-ին, գրավոր ընթացակարգով: 

Ըստ այդ հոդվածի, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է, թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, կարող է պատժվել 100 հազարից մինչեւ կես միլիոն դրամի տուգանքով, վերոնշյալ արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է հրապարակային եղանակով կամ էլ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է 500 հազարից մինչեւ 1 մլն դրամի տուգանքով, իսկ եթե այս գործողությունները նույն անձի նկատմամբ պարբերաբար են կատարվել, ապա տուգանքը կազմում է 1-3 մլն դրամ, կամ նախատեսվում է կալանք՝ 1-3 ամիս ժամկետով։

Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր տուգանք սահմանել ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ անձի արժանապատվությունն այլ՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում,  ընդունվել էր անցյալ տարվա օգոստոսին:

«Այս հոդվածը լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով: Միանգամից հատուկ նշում եմ, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է։ Քրեական օրենսգրքի այս հոդվածն արդեն իսկ հանգեցրել է խնդիրների, ու դրանք գնալով խորանալու են, իսկ փոփոխությամբ հռչակված նպատակը լուծում չի ստանալու»,- գրել էր Արման Թաթոյանը հոկտեմբերի 14-ին ՍԴ դիմելու կապակցությամբ:

Նա անթույլատրելի էր համարել նախագծի ընդունումն ԱԺ-ի արտահերթ նստաշրջանում՝ առանց հանրային ու մասնագիտական լայն քննարկումների:

Եւ այսպես, մարտի 22-ին Հայաստանի նոր օմբուդսմեն, արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը դեմ է արտահայտվելու դրույթներին, որոնք մի քանի ամիս առաջ պաշտպանել է:

Հուլիսին, երբ «իմքայլական» պատգամավորները ԱԺ-ում ռոմանտիկ կանխատեսումներ էին անում, թե այս օրենքի շնորհիվ հայհոյանքը կվերանա հայ հասարակությունից, արդարադատության  փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, իր ելույթում  նշում էր, որ օրենքների նոր փաթեթը լրագրողների, քաղաքացիական, իրավապաշտպան հասարակության համար ապահովում է բարձր պաշտպանություն:

Առաջին ձերբակալվածը «հայհոյանքի» հոդվածով դեկտեմբերի 14-ին  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանն էր: Նրա դեմ հաղորդում է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Մարտի 18-ին կառավարությունում լրագրողների հարցին պատասխանելով Քրիստինե Գրիգորյանն ասել է, որ չի պատրաստվում հետ վերցնել Թաթոյանի դիմումը ՍԴ:

Այդ դեպքում ինչպե՞ս է Քրիստինե Գրիգորյանը պաշտպանելու ՍԴ-ում մի դիրքորոշում, որին դեմ է եղել անցյալ տարի: Բոլորին հետաքրքրող հարցին ՄԻՊ-ը պատասխանել է.

«Ըստ մեր օրենսդրության, կառավարությունը ներկայացրել է իր դիրքորոշումը։ Եվ կառավարության տեսակետը ներկայացրել եմ ես, որպես հարակից զեկուցող… Ունենք ոչ միանշանակ ընկալում և ունենք պրակտիկայի հետ խնդիրներ», — ասել է ՄԻՊ-ը։

Ստացվում է, արդարադատության նախկին փոխնախարարը ներկայացրել է ոչ թե իր, այլ կառավարության դիրքորոշումը, կամ էլ չի հայտնել այն, լինելով բարձր պաշտոնյա:

«Ես կարող եմ հասկանալ Քրիստինե Գրիգորյանին հիմա, բայց ի նձ համար անհասկանալի է նրա այն ժամանակվա դիրքորոշումը: Եթե անձը չի դավաճանում օրենսդրւթյանը, նա կարող է դիրքորոշոմը փոխել, այսինք՝ նա կամ պետք է դուրս գար կառավարությունից, եթե համաձայն չէր, կամ՝ եթե մնում էր փոխնախարար,  պաշտպաներ կառավարության դիրքորոշումը», — մեկնաբանում է ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: 

Ինչպե՞ս սա կգնահատեք հակասությունը նախկին և ներկա Քրիստինեի տեսակետներում, արդյո՞ք չկա այստեղ շահերի բախում,  ի՞նչ պետք է անի նոր օմբուդսմենը հակասությունից խուսափելու համար: 

Forrights.am-ը հարցուղղեց սահմանադրագետ Վարդան Այվազյանին:

«Բոլոր դեպքերում որպես նոր օմբուդսմեն նա կարող էր դիմումը հետ վերցնել: Բայց նա պաշտպանելու է Թաթոյանի դիմումը: Եթե նա դիմումը հետ չի վերցնում, գրավոր ընթացակարգում գործը քննվում է արդեն ներկայացված հիմնավորումների շրջանակում: Նոր ՄԻՊ-ը այդտեղ այսպես ասած՝ տեխնիկական դեր է կատարում »:

Իրավագետ, փաստաբան Արա Ղազարյանին  հարցրեցինք, թե ինչ կանխատեսում ունի, ի՞նչ կորոշի ՍԴ-ն:

«Չեմ կարծում, որ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի 137.1 հոդվածը: Ուղղակի որոշ դիրքորոշումներ կարտահայտի, թե ինչպես դա պետք է կիրառել: Մոտավորապես որոշում  կընդունի, որ ինքնին ծանր վիրավորանքի քրեականացումը հակասահմանադրական չէ, բայց որ այն պետք է խիստ համաչափորեն կիրառվի: Այսինքն՝ շեշտը դնի պրակտիկայի վրա, ոչ թե օրենսդրական ձևակերպման», — ասաց Արա Ղազարյանը:

Ըստ նրա,  շահերի բախում չի լինի, որովհետև քննությունն ընթանալու է գրավոր կարգով. «Փաստաթուղթն արդեն ներկայացվել է,  բայց դատարանը կարող է որոշել ու  անցնել բանավոր ընթացակարգի: Դա հնարավոր է», — նշեց Ղազարյանը:

Այդ դեպքում քննությունը կարող է տևել ավելի երկար, օրինակ, մի քանի օր: Եւ հնարավոր է, ՍԴ դատավորները Քրիստինե Գրիգորյանին հարց ուղղեն, թե ինչո՞ւ է նախկինում նա հակառակ տեսակետը ներկայացրել:

Ամեն դեպքում, այս քննությունը մեծ փորձություն է  նոր օմբուդսմենի վարկանիշի համար, որն այս պահին էլ այնքան բարձր չէ:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest