Մարտի 16-ին հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի գործով երկու ձերբակալվածներ կան. հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել են նույն գումարտակի մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող Ն. Ս.-ն և մարտական դիրքի պարտադիր ժամկետային, կրտսեր սերժանտ Վ. Ա.-ն:

20-ամյա զինծառայողը հրազենային վնասվածք էր ստացել ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից։ Հարուցվել էր քրեական գործ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Շարքային Ալբերտ Սիրոյանի` հրազենային մահացու վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մարտի 19-ին ձերբակալվել է մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Չ.:

Չութուլյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) հանցագործության կատարելու մեջ։

Շարքային Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մարտի 19-ին ձերբակալվել է նաև մարտական դիրքի պարտադիր ժամկետային ևս մեկ զինծառայող՝ կրտսեր սերժանտ Վահե Արայիկի Մարգարյանը: Վերջինս էլ կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են) հանցագործության կատարելու մեջ:


Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest