«Ոչ Արցախի հայաթափմանը», «ոչ թրքացմանը» պաստառներով ու վանկարկումներով այսօր Արտաքին գործերի նախարարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել Հայ հեղափոխական դաշնակցության և Հանրապետական կուսակցության երիտթևի ներկայացուցիչները` իրենց դժգոհությունը հայտնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում՝ ցուցարարների ձևակերպմամբ Հայաստանի իշխանությունների զիջողական քաղաքականությունից։

Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, թե «իշխանությունը հայ ժողովրդին նոր զիջումների ու կորուստների ոչ մի մանդատ չունի».

«Մեր թիկունքի ետևում տեղի են ունենում բանակցություններ, մեր թիկունքի ետևում Հայաստանի Հանրապետությունը և Արցախի հանրապետությունը փորձում են վաճառել իրենց հարմար գնով, վաճառել մեր պետականությունը, վաճառել մեր հայրենիքը, վաճառել մեր ինքնիշխանությունը։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ հստակ պահանջով՝ ի ցույց դնելով, որ ՀՀ քաղաքացին, հայ ժողովուրդը չի պատրաստվում կզել թուրքի առաջ»,- հայտարարում էին մասնակիցները

Ակցիային էին մասնակցում նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ։

«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը խոսեց սահմանային լարվածության, Արցախում էներգետիկ ճգնաժամի մասին, նշելով, որ անկախ այն հանգամանքից, որ բանակցություններ են տարվում գազատարը վերականգնելու ուղղությամբ, ադրբեջանական կողմը որևէ երաշխիք չի տալիս, որ հետագայում նման իրավիճակ չի ստեղծվի։ Ասում էր՝ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է։

Ակցիայի մասնակիցները եղան նաև կառավարության շենքի առջև։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest