Արամայիսը զոհվել է հակառակորդի հետ դեմ առ դեմ մարտի ժամանակ

401

Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի լսարաններից  մեկը  մարտի 10-ին անվանակոչվեց արցախյան երկրորդ պատերազմում զոհված Արամայիս Թադեւոսյանի անունով:

Արամայիսը`Միշոն,  թեեւ ընդամենը մեկ տարի է ուսանել այդ դպրոցում` Ռուսաստանից  ընտանիքով  Հայաստան տեղափոխվելուց  հետո, սակայն լուսավոր եւ անմոռաց  հուշեր է թողել  այնտեղ: Ըստ ուսուցիչների`Արամայիսի մեկ տարվա ուսանելը տասը տարվա հուշեր է պարգեւել  իրենց, քանի որ նրա հետ կարելի էր խոսել տարբեր թեմաներով, օժտված էր հումորով:

Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Լիլյա Հովհաննիսյանը, որը Արամայիսին ֆիզիկա է դասավանդել, Forrights.am-ի հետ զրույցում հուզմունքով  հիշում է.  «Ռուսաց լեզվի քննություն էր, քննություն էինք ընդունում, մեզ մոտ վարչությունից ռուսերենի մասնագետ էր եկել` ստուգելու լեզվի իմացությունը դպրոցում: Արամայիսն իններորդ  դասարանում էր սովորում,  շատ լավ գիտեր ռուսերեն, ասաց`ընկեր Հովհաննիսյան, չնեղվեք: Նա շարադրություն գրեց, որի վերջին նախադասությունն եմ  լավ հիշում: Գրեց`  Բեթհովենի հնչյունների տակ`դրսում,  տեղում էր անձրեւ: Այդ նամակը պահեց նստարանի արանքում, եւ ասաց`ինձ միշտ կհիշեք: Ցնցող շարադրություն էր գրել, իսկ ավարտը հենց այդպես էր` անձրեւի կաթիլները թափվում էին ներքեւ Բեթհովենի հնչյունների ներքո: Մինչ մենք կհասնեինք, նստարանի արանքում իր դրած թերթիկը  տրորվել էր, դարձել ճմռթված թուղթ»: Այդպես էլ չի հաջողվել, որ Արամայիսից մնացած այդ թերթիկը պահպանեն:

Արամայիսի ուսուցիչները հիշում են, որ նա բավականին ազատ երիտասարդ էր, բանիմաց եւ  հետաքրքրասեր էր:

Արամայիսի դասղեկը եւ պատմություն ուսուցչուհին`Լուսինե Համբարձումյանը, պատմում է, որ մի անգամ հարցում է արել, թղթեր բաժանել իր աշակերտներին, թե ինչպես են իրենց պատկերացնում տասը տարի անց, ին չ են ուզում դառնալ: Եվ Արամայիսն այդ հարցմանը պատասխանել է. «Անհատ ձեռներեց եւ ֆիլանտրոպ»:    

 Նախքան զինծառայության մեկնելը Արամայիսն ուսանել է Գ. Վ. Պլեխանովի անվան ՌԴ տնտեսագիտական համալսարանի քոլեջի երեւանյան մասնաճյուղում:  Սկզբում  ծառայել է Ներքին Հորաթաղում, իսկ երբ սկսվել է պատերազմը, նրան տարել են Վարանդա: Այնտեղ էլ հոկտեմբերի 14-ին Արամայիսը զոհվում  է հակառակորդի հետ դեմ առ դեմ մարտի ժամանակ: Այդ ընթացքում նա խոցել է հակառակորդի  մեծաթիվ  զինտեխնիկա եւ մարդուժ`մինչեւ վերջին պահը չլքելով դիրքերը:

Արամայիսի աճյունը գտել են շատ ուշ, երկար որոնումներից հետո 2021թ. մարտի 10-ին: Նրան հուղարկավորել են  «Եռաբլուր »  զինվորական պանթեոնում, հետմահու արժանացրել  «Մարտական խաչ » երկրորդ եւ առաջին աստիճանի  շքանշանների:

Լուսինե Համբարձումյանը,  պատմում է, որ նրան հաջողվել է արագ հաշվարկներ անել, մեկ հաշվարկով  հրանոթը գործածել եւ օգնել հրամանատարին: Արամայիսը մարտական գործողություններին մասնակցել է տասը հոգանոց ջոկատի կազմում:

Մայրը`Ջուլյա Թադեւոսյանը,  չի հիշում, թե ինչ ապրումներ է ունեցել պատերազմի բոթը լսելուց հետո: Իսկ մինչեւ որդու զոհվելը նրա հետ խոսելիս չի պատկերացրել, թե ինչ թեժ մարտեր են ընթանում, քանի որ որդին  հավաստիացրել է, թե ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա:

…Իսկ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներն, ամեն օր մտնելով Արամայիս Թադեւոսյանի լսարան, կկարդան հետեւյալ տողերը`Արամայիս Թադեւոսյան

 2000-2020, հոկտեմբերի 14,

         Միշո:

Ու մեկ էլ` «Կարոտ կա`երկրից երկիր,

կարոտ էլ  կա` երկրից երկինք »:   

Թագուհի  Հակոբյան