«Վեց զինվոր զոհվել է՝ տեղյակ չլինելով նահանջ հրամանի մասին. հրամանատարը նախապես է հեռացել»

315

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Ջեբրայիլի շրջանում գտնվող Անանուն բարձրունքում զոհված վեց զինծառայողներից արդեն երրորդի ծնողը forrights.am-ի հետ զրույցում պնդում է, որ իր զավակի ողջ մնալու հավանականությունը մեծ կլիներ, եթե հրամանատարական կազմը չհեռանար նրանց մոտից ու չտանեին կապի միջոցները:

 forrights.am-ի հետ զրույցում այս տեղակետն է հայտնել նաև պատերազմի ընթացքում զոհված շարքային զինծառայող Արման Մկրտչյանի հայրը՝ Սուրեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում նման պնդումներ էին արել նույն նաև բարձրունքում զոհված 18-ամյա Առնոլդ Հովսեփյանի հայրն ու  Կարեն Անոտնյանի հայրը՝ Բենիկ Անտոնյանը:

Սուրեն Մանուչարյանն ասում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 2-ի գիշերը զորամասի հրամանատարը Անանուն բարձրունքում գտնվող դասակներին նահանջի հրաման է տվել, բայց հակատանկային դասակը դրա մասին չի տեղեկացվել, քանի որ, ըստ Սուրեն Մանուչարյանի, հրամանատարը գնացել է և իր հետ տարել է կապի միջոցները:

«Զորամասի հրամանատարն ասում է, որ հոկտեմբերի 2-ի գիշերը ես եմ նահանջի հրամանը տվել, որ երրորդ գումարտակը նահանջի: հակատանկային դասակը չի իմացել, որ նահանջ է հայտարարվել: Գերությունից եկածն ասում է, որ իրենց մոտ մի ռացիա են թողել, որը  չէր աշխատում, որևէ կերպ կապ չի եղել: Փաստորեն, կապի միջոցի պատճառով նահանջ չեն արել, իմացել են հրաձգային դասակներն իրենցից առաջ են, պահում են իրենց, իսկ իրենք հակատանկային հրթիռներով են պայքարել: Իրենց մոտ գիշերային տեսանելի սարքեր չեն եղել, որ իմանան, թե ով է իրենց մոտ գալիս: Թշնամին էլ տեսնելով, որ առաջնագիծը թողած է հատուկջոկատայիններն առաջացել են: 18-20 տարեկան տղաները չեն կարողացել դիմակայել դրանց քանակին՝ զոհվել են: Իրենց Կուբաթլուի կողմից օգնության են եկել, բայց իրենց մեծ մասն  էլ է զոհվել»,- ասում է Սուրեն Մանուչարյանը:

Արմանի զոհվելու մասին ընտանիքը տեղեկացել է միայն 2020-ի դեկտեմբերին, երբ ադրբեջանական գերությունից վերադարձել է Անանուն բարձրունքում նահանջից հետո մնացած վեց հոգանոց խմբից չզոհված  միակ զինծառայողը:

Սամվել Մանուչարյանը մեզ փոխանցեց այն, ինչը իրեն և մյուս ծնողներին պատմել է գերությունից վերադարձած զինծառայողը:

«Դասակի հրամանատարը տղաներին ասում է՝ դուք այստեղ տեղավորվեք, ես իջնեմ ավտոմատով հրաձգային գումարտակի հետ կռվեմ, դուք ստեղ տանկային հարձակումները պահեք: Հրամանատարն ավագ լեյտենանտ է, իր հետ գնում են ջոկի հրամանատարները՝ երկու սերժանտ: Իրենք գնում են և, ըստ գերությունից վերադարձածի, հետ չեն վերադառնում: Հետո մենք իմանում ենք, որ հրամանատարը՝ Տիգրան Կարապետյանը, վիրավորվել է: Իրեն դիրքերից իջեցնում են, սերժանտներն էլ հետն են գնում, բայց չգիտենք, թե ինչ պայմաններում է վիրավորվել ու որ մասը:

Ես իրեն հանդիպել եմ հոկտեմբերի չորսին կամ հինգին, ինքը քայլելուց կաղում էր, ձեռքն էլ  կապած էր: Հարցրեցի ինչ է եղել, պատասխանեց, որ վիրավորվել է: Գերությունից վերադարձած տղան մեզ ասել էր, որ մինչև պատերազմն էլ իր ոտքերը բորբոքված են եղել:

Գերությունից վերադարձածը նաև ասում էր՝ դիրքերը վերցնելու ժամանակ հակատանկային ջոկի զինվորները ավտոմատներով մասնակցել են հակահարձակմանը: Հրամանատարն ասել է՝ դուք գնացեք, ես չգամ ձեր վրա խնդիր լինեմ: Գերին ասում է՝ մեզ ուղարկում էր, ինքը մնում էր հայկական դիրքում, հետո որ գրավում էինք գալիս, միանում էր մեզ:

Հետո սերժանտներին մեկին գտա՝ Դավիթին, հիվանդանոցում էր, հարցրեցի, թե ինչն է վիրավորվել, քանի որ կապած ոչ մի տեղ չկար: Նորմալ քայլում էր, ձեռքերը շարժում էր: Սերժանտն ասած, որ գլխի կանտուզիա եմ ստացել, բայց կողքը արկ չի պայթել, ասում է՝ տանկը թշնամու վրայով անցավ, գլուխը պոկվեց, ես դրանից կանտուզիա ստացա: Ես էլ իրեն բան չասացի, բայց հասակացա, որ ավագ լեյտենատի հետ նստել սկոռին ու փախել է: Մյուս ջոկի հրամանատարն էլ՝ Արմենը, որ իջնում է ներքև՝ կորում է: Պատերազմից հետո գնացինք այդ զորամաս, որն արդեն տեղափոխվել էր այլ տեղ, Արմենից հարցրեցինք, սպաներից ասեցին, որ պատերազմի ընթացքում ահագին ժամանակ չկար, պատերազմի ավարտից հետո կամավորների հետ անտառից դուրս է եկել»,- ասում է Սամվել Մանուչարյանն ու նշում, որ այս դրվագներով քրեական գործ հարուցված, իսկ առաջընթաց՝ ոչ:

Ընտանիքն Արմանի հետ պատերազմի ընթացքում միայն մեկ անգամ է խոսել, ինչպես մյուս տղաները: Սակայն, պատերազմից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին, երբ անհասկանալի դիրքերից իջնելուց մեկ օր հետո կրկին դիրքեր բարձրանալու հրաման են ստացել, Արմանը կրկին տուն է զանգել:  

«Այդ օրը կարճ խոսեցինք, կապն ընդհատվեց: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ֆեյսբուքը բացեցի բոլորը գրում էին՝ պատերազմ է: Մեր մոտ ունեցած իր բոլոր համարներով զանգեցինք, բայց անջատված էին: Մինչև ամիս 29-ն անհանգիտս էինք, ոչ մի լուր չունեինք, մինչև այդ օրը զանգեց: Դիրքերից գտած հեռախոսով էր զանգել:

Դրանից հետո էլ չեն խոսել, ինչքան զանգել ենք կամ անհասանելի է եղել, կամ չի խոսել: Այդպես էլ կապը կորեց: Հոկտեմբերից սկսեցի փնտրել հիվանդանոցներում, մտածում էի՝ վիրավոր է, չի կարողանում անունն ու այլ տվյալներ ասել, որքան անգիտակից մարդ կար մտել-նայել եմ, մինչև պատերազմի ավարտը»,- ասաց նա:

Հայրն ասում է, որ Արմանը հավաստիացրել է, թե ապահով վայրում է՝ կրակոցներից հեռու, ծնողները միայն պատերազմից հետո են պարզել, որ որդին պատերազմի առաջին իսկ օրից թեժ մարտերի մեջ է եղել:

Արմանի դին ծնողներին փոխանցվել է միայն 2021-մայիսին:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արման Մանուչարյանն Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանին:

Նարեկ Կիրակոսյան