Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Վաչագան Մանուկյանի մասին մայոր, պահեստազորի  նախնական հավաքակետի պետ  Վարդան  Սարգսյանը հետմահու նրան նվիրված գրքում գրում է. «Պատերազմը սկսվելու հենց առաջին օրը Վաչագան Մանուկյանը ներկայացավ  Էջմիածնի զինկոմիսարիատ` կամավորական հիմունքներով ռազմաճակատ մեկնելու համար: Գիտեինք, որ հրետանավոր է եւ իր զինվորական ժամկետային ծառայությունը փայլուն է անցկացրել` ջոկատի հրամանատարից դառնալով դասակի հրամանատար, արժանանալով   «Գարեգին Նժդեհ» մեդալի, կրծքանշանների, պատվոգրերի…Նրան ասացինք, որ պահանջ ներկայանալու դեպքում իրեն  կկանչենք: Օրեր անց նորից ներկայացավ եւ խնդրեց, որ հնարավորինս շուտ կարգավորենք իր մեկնումը: Ներկայացնելով կանոնակարգը`ասացինք, որ չենք մոռացել եւ անհրաժեշտության  դեպքում  իսկույն կկանչենք:

Հոկտեմբերի 21-ին նա մի փոքր զայրացած ներկայացավ եւ ուղղակիորեն պահանջեց, որ իրեն հնարավորություն տանք ռազմադաշտ մեկնելու եւ իր գիտելիքներն ու կարողություններն անմնացորդ նվիրելու իր ժողովրդին եւ հայրենիքին: Նրա հերոսական կերպարը, նրա ոգեղեն ուժն ու ֆիզիկական պատրաստվածությունը, նրա համառությունը մեզ ստիպեցին, որ ընդառաջենք եւ առաջնագիծ  ճանապարհենք մեր քաջին »:  

Վաչագանի հայրը`բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ որդին 2012-14թթ.  ժամկետային զինծառայությունն անցկացրել է Վարդենիսից  վերեւ  N   զորամասում, որտեղ էլ աչքի էր ընկել, եւ հրամանատարն ասել էր, թե երբ նա սահմանն ինքն է պահել իր ջոկատով, ամեն ինչ խաղաղ է ընթացել:

Վաչագանը սկզբում ընտրել է մշակութաբանի մասնագիտությունը, իսկ հետո սովորել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում, որտեղ էլ պատրաստվում էր պաշտպանել իր ատենախոսությունը:

Որքան շարունակվել է պատերազմը, ինչքան շատ զոհեր են եղել, այնքան շուտ է Վաչագանը հասկացել, որ այդ զոհերը կարող էին չլինել անգետ, վախկոտ  հրամանատարների պատճառով:

«Վաչագանը ռազմաճակատ  գնաց  հոկտեմբերի 22-ին, սկզբում դիրքերը պահեցին Մատաղիսում, որեւէ  շարժ  չթողեցին: Դրանից հետո նա մեկնեց Շուշի, որտեղ արդեն ծանր մարտեր էին ընթանում, մենք էլ լուրջ կորուստներ ունեինք արդեն: Որոշ գնդեր հրաժարվեցին գնալ, սակայն Վաչագանենց գումարտակը գնաց: Իրենց գումարտակը կոչվում էր  «Հատուկ գունդ », որի ղեկավարը Գարուշ Հարությունյանն էր: Գումարտակով գնում են Շուշի, նոյեմբերի 5-ի գիշերը շարժվում են եւ հայտնվում են կրակոցների տակ: Դեռեւս  չդիրքավորված`արդեն կորուստներ են ունենում: Այդ ընթացքում խուճապ է լինում, փորձում են կազմակերպել նահանջ: Այնտեղ իրենց ասել էին, որ երեսուն հոգանոց դիվերսանտների խումբ է հավաքվել, սակայն  իրականում  հազարավորներն են եղել, եղել են  ՆԱՏՕ-ի երկրորդ ստորաբաժանման  թուրքական զորքերը`դիպուկահարները:  Որդուս ասում են, որ երկրորդ անգամ չիջնի Շուշի, ինքն էլ ասում է` ո՞նց, Շուշին թողնո՞ւմ ենք, մայոր Ղազարյանն ասում է`մնա՛, մենք Ստեփանակերտի կողմից դիրքերը պահենք, եւ այդտեղ իրենք  երեք հոգով միանում են ուրիշ խմբի, շարունակում են Շուշիի մերձակայքում մարտեր մղել: Մինչեւ վերջին օրը շարունակել են մարտերը, եւ երբ վիրավորներից  մեկն ինձ հոսպիտալից  զանգեց, ասաց, որ տագնապների մեջ չընկնեմ, քանի որ Վաչագանը լավ  է տիրապետում ռազմարվեստին, խնդիրներ չեն լինի :

Բայց խնդիրներ եղան, քանի որ ռազմամթերք անգամ չհասցրեցին մեր զինվորներին, սնունդը դեռ ոչինչ, կարող էին մի երկու օր էլ սոված մնալ: Բայց զինամթերք չհասցնելը զինվորներին դավաճանություն է: Եվ տղաները կարողացան Շուշիի մոտակա  դիրքերը պահել: Նրանք պարտավորվածություն ունեին, որ պետք է փոքր խմբով շարունակեն մարտերը, համոզված էին, որ համալրում է լինելու, եւ նոյեմբերի 6-ին, 7-ին, 8-ին շարունակեցին կռվել: Այդ համալրումը, սակայն, չեղավ: Ավելի ուշ ես համացանցում տեսա, թե ինչպես է գեներալներից  մեկը` Սամվել Բաբայանն,  ասում, թե համապատասխան զինամթերք չունեն, որ գնան, մասնակցեն մարտերին: Այդ հայտարարությունը նա արեց բունկերում, եւ այն տարածվեց համացանցում: Է՜, չունեին, թող տղաներին հետ կանչեին: Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ տղաներին լքել են, խաբել »,- պատմում է Խաչիկ Մանուկյանը:

Բանաստեղծը հիշում է, որ պատերազմ գնալուց առաջ որդին դիմել էր եվրոպական մի քանի երկրների`անգլիական, ֆրանսիական մամուլի միջոցով փորձելով ահազանգել, որ ճանաչեն Արցախի անկախությունը, որպեսզի այդ մի բուռ հողը չարյունոտվի, մանկանց  աչքերը  չարցունքոտվեն: Եվ, ըստ նրա, մի պարբերականից էր միայն արձագանք ստացվել, երեք հազար եվրո գումար էին պահանջել մեկ էջանոց խոսքը տպագրելու համար:

…Իսկ Վաչագան Մանուկյանը զոհվել է նոյեմբերի 9-ին, դիպուկահարի կրակոցից: Նա պարգեւատրվել է  «Գարեգին  Նժդեհ »,    «Տիգրան Մեծ »,  «Մոնթե Մելքոնյան»,   «Արցախ », «Լեոնիդ Ազգալդյան» մեդալներով, բազմաթիվ կրծքանշաններով եւ պատվոգրերով:        

Թագուհի Հակոբյան

Pin It on Pinterest