ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատում է՝ հանրային սննդի կետերում սեղաններին աղամաններ չդնելու օրինագծով նպատակ ունեն պաշտպանել քաղաքացիների առողջությունը, ինչի համար հետևողական պայքար են տանելու:  Այս մասին ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց նախարարը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին:

«Արդյոք աղի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար դուք գրանտ ստացե՞լ եք, կամ նախարարությունը վարկ ստացե՞լ է, եթե ստացել եք, ապա ո՞ր կազմակերպությունից և որքա՞ն գումար»,-հարցրեց Մանուկյանը:

Նախարարը արձագանքեց՝ Առողջապահության նախարարությունը, կառավարությունն ունի հանձնառություն՝ պաշտպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը, կանխարգելելու հիվանդությունները, դրանք վաղ հայտնաբերելու և բուժելու: Ավանեսյանն ասաց, որ եթե երկիրը ներդրում չի անում իր քաղաքացիների առողջության պահպանման մեջ, ապա ստիպված է լինում մեծածավալ, նորանոր միջոցներ ներգրավել՝ բուժման, հաշմանդամության կանխման համար։

«Նախարարությունը ստանում է բյուջեով իրեն հատկացված միջոցներ, որի շրջանակներում են նաև հանրային առողջության մասին իրազեկվածության, քաղաքականության մշակման և վարման ողջ գործընթացները: Իսկ ես ստանում եմ աշխատավարձ՝ իրականացնելու այդ ոլորտի լիազոր մարմնի կառավարումը: Հավելյալ գրանտների, միջոցների մասին խոսելն անգամ ծիծաղելի է»,-ասաց նախարարը:

Ըստ Ավանեսյանի՝ այդ հարցերը կարևոր են և տարիներ ի վեր այդքան ուշադրության չեն արժանացել:

«Մենք տանում ենք առողջությունը պահպանելու ակտիվ քաղաքականություն: Որևէ բանի հակաքարոզչություն չենք տանում: Եվ ուզում ենք, որ մեր քաղաքացիներն ունենան առողջ սովորույթներ, երկար պահպանեն իրենց առողջությունը, կյանքի որակը»,-եզրափակեց Ավանեսյանը:

Քնարիկ Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest