Չորս տարի առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգման պատճառով մահացած Արմեն Աղաջանյանի գործով նախադեպային որոշում կայացվեց։ Աղաջանյանին խոշտանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Արմեն Հովհաննիսյանը 7 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտվեց։

2019 թվականին դատավոր Դավիթ Բալայանն ամբաստանյալին մեղսագրվող արարքը վերաորակեց՝ անվանելով այն լիազորությունների անցում։ Հովհաննիսյանը Առաջին ատյանի դատարանի կողմից ճանաչվեց անմեղ, մեղավոր ճանաչվելով միայն Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և 314 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Վերաորակված հոդվածների հիման վրա համաներում կիրառվեց և Հովհաննիսյանը նիստերի դահլիճից ազատ արձակվեց։

«Շատ դեպքերում խոշտանգում, բռնություն է լինում փակ հաստատություններում, սակայն իրավապահ մարմինները քրեական գործերը հարուցում են լիազորությունների անցման հոդվածով»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի շահերը ներկայացնող փաստաբան Արա Ղարագյոզյանը։

ՄԻԵԴ-ը մի քանի դեպքով արձանագրել է, որ եթե խոշտանգման փաստը փորձում են կոծկել՝ վերաորակելով պաշտոնեական լիազորությունների անցում, դա հանդիսանում է Եվրոպական կոնվեցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգումից զերծ մնալու իրավունքի խախտում։

Տուժող կողմը բողոքներ ներկայացրեց Առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ։ Վճռաբեկ դատարանը բեկանեց գործը և ուղարկեց Վերաքննիչ դատարան, որպեսզի վերջինս ապացույցներին ճիշտ քրեաիրավական գնահատական տա։

Արա Ղարագյոզյանի գնահատմամբ՝ կայացված որոշումը նախադեպային էր․

«Ի վերջո Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է, որ Արմեն Աղաջանյանը առողջական խնդիրներ է ունեցել, շտապ օգնություն չեն կանչել, խոշտանգումից հետո տուժողը արյան ու թարախի մեջ է եղել և առաջին անգամ փաստել է, որ այստեղ ոչ թե լիազորությունների անցում կա, այլ խոշտանգում»,-ընդգծեց փաստաբանը։

2018 թվականին Արմեն Աղաջանյանը ամիսներ շարունակ եղել է հետախուզման մեջ «ինչ-որ մեքենայի առքուվաճառքի» համար։ Մարտի 15-ին նրան բերման են ենթարկում Եղեգնաձորում, ինչից հետո զանգահարում են Աղաջանյաններին և հայտնում՝ որդուն բերում են Շենգավիթի քննչական բաժին։  Աղաջանյանը դեպքից ամիսներ առաջ ենթարկվել էր աղիքի լուրջ վիրահատության, և աղիքը մարմնից որոշ մասով դուրս է եղել։

Արմենին տեղափոխում են դատարան՝ անձի վերահաստատման, սակայն դատարանի դահլիճում իրեն վատ է զգում և նրան տեղափոխում են « Նուբարաշեն» ՔԿՀ։

«Նուբարաշեն» մտնելու հենց առաջին րոպեներին վեճ է տեղի ուենում ՔԿՀ աշխատակցի ու Արմենի միջև։ Վերջինիս մոր՝ Գայանե Աղաջանյանի խոսքով՝ որդին իբր չի բարևել։ Նրան ուղեկցել են խուզարկման սենյակ և 4 հոգ ովծեծել են, խոշտանգել՝ հաշվի չառնելով կողային բաց աղիքը։

Ըստ Ղարագյոզյանի՝ հստակ է արձանագրել, որ Աղաջանյանը խուզարկության սենյակ է տեղափոխվել ոչ թե խուզարկվելու, այլ պատժի ենթարկվելու, որը և պարունակում է խոշտանգման տարրեր։

Գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո Արմենը գանգատվում է նաև ողնաշարային ցավերից։ Վերջինս ընտանիքին պատմում է տեղի ունեցածը՝ մատնացույց անելով հատկապես Արմեն Հովհաննիսյանին։

Օրեր անց Աղաջանյանների տուն են այցելում Հովհաննիսյանն ու 2 հոգի, ովքեր ներողություն են խնդրում կատարվածի համար և իրենց աջակցությունն են հայտնում Արմենի բուժման ծախսերի համար։ Աղաջանյանները հրաժարվում են բոլոր տեսակի օգնությունից։

Հուլիսի 7-ին Արմենին տեղափոխում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ 5 օր անց հայտնաբերում են կտրված սավանից կախված, ծնկաչոք վիճակում։

Դեպքից 4 տարի անց Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց փաստաբան Արա Ղարագյոզյանի և ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Վարդգես Սարգսյանի վերաքննիչ բողոքները բավարարելու մասին։ Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանք(խոշտանգում) կատարելու մեջ, և նրա նկատմամբ նշանակվեց պատիժ՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։

2015 թվականից խոշտանգման քրեականացումից հետո սա երկրորդ մեղադրական դատավճիռն է։ Ըստ փաստաբանի՝ վերջապես սառույցը կոտրվեց. սրանով ճանապարհ է բացվում մնացած խոշտանգման գործերի համար ևս

«Սա ուղենշային և կարևոր որոշում է, քանի որ տարիներ շարունակ ոչ ոք չէր ենթարկվել քրեական պատասխանատվության խոշտանգման համար։ Առաջին ատյանի դատարանում այս գործով անցնող արդեն երկրորդ խոշտանգման դեպքը կա և, քանի որ Աղաջանյանի դեպքը արդեն հաստատված հանգամանք է, կարծում եմ՝ այս գործի նկատմամբ ևս մեղադրական դատավճիռ կկայացվի»,-մեզ հետ զրույցում ասաց Ղարագյոզյանը։

Քնարիկ Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest