5-րդ ալիքի տեսախցիկը ֆիքսել է Խրամորթում պայթյունի պահը, որի հետևանքով վիրավորում է ստացել տեղի բնակիչ Սուրեն Բաղրյանը:

Նա այժմ Արցախի հանրապետական հիվանդանոցում է, բեկորային վիրավորումը մեջքի շրջանում է, այն արդեն հեռացվել է։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Բաղրյանը պատմել է, որ առավոտյան բակում գործ է արել, գյուղի ուղղությամբ արձակված հենց առաջին արկի բեկորն իրեն է հասել։

Վերջին շրջանում Արցախի սահմաններն անհանգիստ են, երրորդ օրն է` արցախցիները ամբողջությամբ զրկված են գազից: Վթարվել է մայրուղային գազատարը, ադրբեջանական կողմը մինչև այժմ թույլ չի տալիս մոտենալ վթարի տեղանքին, որը իրենց հսկողության տակ է:

Այսօր երեկոյան Արցախի խորհրդարանը արտահերթ նիստ կհրավիրի ստեղծված իրավիճակի քննարկման օրակարգով, Արտգործնախարարությունը, Անվտանգության խորհուրդը հայտարարություններ են տարածել:

«Հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։ Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին», — ասված է ԱԽ հայտարարության մեջ։

Այսօր՝ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ․

«Այս պահին, սակայն, ես է հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու եւ կարգավորելու ուղղությամբ։ Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ», — ասաց Փաշինյանը:

Քնարիկ Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest